Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի գործի դատավարությունը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ իր հայրը՝ Ռոբերտ Ավետյանը իրեն ու իր որդուն հանել է Սարմենի փողոցում գտնվող առանձնատան հաշվառումից, որպեսզի վաճառի տունը և մեկնի արտերկիր, նպատակադրվել է տիրանալ առանձնատանն ու գույքին: Այդ նպատակին հասնելու համար Արսենը որոշել է սպանել իր հորը:
Հանցագործությունը կատարելու մտադրության մասին նա 2013 թվականի մայիսի 14-ին հայտնել է իր մտերիմ Արկադի Վարդանյանին: Վերջինս հավանություն է տվել Արսեն Ավետյանի որոշմանը, նրան օժանդակելու հավաստիացումներ է արել, ասել, թե սպանության այլընտրանք չկա, բարոյահոգեբանական առումով էլ այն լիովին արդարացված է:
Վարդանյանի այս հավաստիացումները, ըստ մեղադրանքի, Արսենի մեջ ամրապնդել են հորը սպանելու մտադրությունը:
Ավետյանն ու Վարդանյանը քննարկել են սպանության իրագործման տարբեր եղանակներ՝ հորը կամրջից ցած գցել, գետը գցել կամ հոգեմետ դեղի մեծ չափաբաժին տալով թունավորել ու սպանել:
Յուրաքանչյուր եղանակի դեպքում կոնկրետ հանգամանքների ու հետևանքների քննարկումից հետո ընտրվել է հանքային ջրի մեջ հոգեմետ դեղի մեծ քանակություն լցնելու և ապագա տուժողին որպես մահացու խառնուրդ հրամցնելու տարբերակը:
Արսեն Ավետյանը դեռ մայիսի սկզբին իր ծանոթ Վարուժան Սաֆտալյանից ապօրինի կերպով ձեռք էր բերել «Ազալեպտին» հոգեմետ դեղի երեք հաբ՝ 0,285 գրամ ընդհանուր քաշով:
Ավետյանը չգիտեր, թե այդ դեղի ո՞ր չափաքանակը կարող է մահացու լինել:
Վարդանյանը փորձել է օգնել նրան՝ այդ հարցով դիմելով իր ծանոթ բժիշկներին: Նրանցից տեղեկացել է, որ դա վտանգավոր ու լուրջ դեղ է, պետք է օգտագործվի բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ:
Վարդանյանն Արսենին առաջարկել է բավարարվել ունեցած չափաբաժնով՝ երեք հաբով, բայց Ավետյանը մտածելով, թե այդ չափաբաժինը կարող է բավարար չլինել հորը սպանելու համար, նորից դիմել է Սաֆտալյանին՝ մի քանի դեղահաբ ևս ձեռք բերելու խնդրանքով:
Սաֆտալյանը խոստացել է, թե ձեռք կբերի, սակայն իրականում քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Արսեն Ավետյանն էլ իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել իրականացնել հարազատ հոր սպանությունը, որովհետև հանցագործության նախապատրաստումը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Վարուժան Սաֆտալյանը, աշխատելով որպես տաքսու վարորդ, Ավանի հոգեբուժարանում բուժվող և դեղատոմսով դեղ ստացած հիվանդ ուղևորից էր ձեռք բերել երեք դեղահաբ «Ազալեպտինը»:
Այսպիսով, Արսեն Ավետյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով սպանություն նախապատրաստելու և ապօրինի կերպով, առանց իրացնելու նպատակի հոգեմետ դեղ ձեռք բերելու, պահելու համար, Արկադի Վարդանյանը՝ նախապատրաստվող սպանությանն օժանդակելու, իսկ Վարուժան Սաֆտալյանը՝ ապօրինի կերպով հոգեմետ դեղ ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև ծանր հանցագործության նախապատրաստման մասին իմանալու և իրավապահներին չհայտնելու համար:
Ըստ նախաքննական մարմնի՝ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք էր եղել Արսեն Ավետյանին, դրա համար էլ նրանից որոշակի կախման մեջ էր եղել ու երեք դեղահաբերը, իմանալով հանդերձ, թե ինչի համար է դրանք ձեռք բերում Արսենը, հանձնել էր նրան: Նախապատրաստվող հանցագործության մասին նա չէր հայտնել իրավապահներին՝ ունեցած պարտքի պատճառով Արսենի հանդեպ երախտագիտության զգացումից դրդված:
Նախաքննական մարմինը 52-ամյա, նախկինում չդատված Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:
Արսեն Ավետյանը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չճանաչեց:
Ավետյանի շահերի պաշտպան Գևորգ Մելքոնյանը հիմնավորեց, որ «Ազալեպտին» դեղը ՀՀ-ում հսկման ենթակա դեղերի ցանկում ներառված չէ, իսկ Ավետյանը չէր կարող իմանալ, որ դա տվյալ ցանկում ընդգրկված նույն «Կլոզապտին» դեղն է: Ահա թե ինչու Ավետյանը չի ընդունում քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:
Ինչ վերաբերում է սպանության նախապատրաստմանը, ապա, ըստ պաշտպանի, եթե անգամ ընդունենք, որ Ավետյանի մոտ հորը սպանելու ինչ-որ դիտավորություն անգամ առաջացել էր, ապա նրա կատարած գործողությունները «չեն ձգում» հանցագործություն նախապատրաստելու աստիճանի: Եթե ընդունենք, որ ինչ-ինչ մտադրությամբ նա ձեռք էր բերել հոգեմետ դեղի երեք դեղահաբ, ապա կամովին էլ հրաժարվել էր հանցագործությունն ավարտին հասցնելուց, այլևս ոչ մի կոնկրետ քայլ չէր ձեռնարկել:
Գործարար, քաղաքագետ, նախկինում դատված ու դատվածությունները մարված, 66-ամյա Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չճանաչեց:
Նրա շահերի պաշտպան Գայանե Գալոյանը նշեց, որ իր պաշտպանյալի գործողությունները որևէ իրավական հետևանք չեն առաջացրել: Նա Ռոբերտ Ավետյանի սպանությանն օժանդակելու մտադրություն չի ունեցել:
Գայանե Գալոյանը նշեց նաև, որ նախաքննական մարմինը որպես սպանության շարժառիթ է ընդունել այն, որ Արսեն Ավետյանի հայրը, իբր, ցանկացել է վաճառել իր առանձնատունը և մեկնել արտերկիր՝ ժառանգությունից զրկելով իր որդուն՝ Արսենին ու թոռին, մինչդեռ Ռոբերտ Ավետյանն առանձնատան միակ սեփականատերը չէր, կար նաև համասեփականատեր՝ Ժաննա Ավետյանը, այնպես որ՝ Ռոբերտ Ավետյանին սպանելով՝ Արսեն Ավետյանը տան սեփականատեր չէր դառնում և այդ ճանապարհով շահադիտական նպատակների չէր հասնում:
Արկադի Վարդանյանն ասաց, թե ծանրագույն պատիժ նախատեսող ծանրագույն հանցագործության համար մեղադրելուց առաջ պետք է խորությամբ քննություն կատարվեր, սակայն նախաքննական մարմինը գործը քննել է մակերեսորեն, ընդամենը մի գաղտնալսման հիման վրա, այն էլ կիսատ են ձայնագրել կամ դիտավորյալ խոսակցության ավարտի ձայնագրությունը գործին չեն կցել, որով կապացուցվեր, որ սպանության նախապատրաստում չի կատարվել:
Արսեն Ավետյանի հայրը՝ տուժող ճանաչված Ռոբերտ Ավետյանը նիստի սկզբում հայտարարեց. «Գործը վարվում է ոչ այն ձևով, որ պետք է լինի: Ես նամակով դիմել եմ, որ տեղ հասնի քննիչին…»:
Տուժողը այս գործով ցուցմունք կտա առաջիկա նիստում, բայց նրա դիրքորոշումն այն էր, որ որդուն մեղավոր չի համարում, նրան առաջադրված մեղադրանքները հիմնավոր չի համարում:
Դատարանը որոշեց հարցաքննել գործով դատակոչված վկաներին, տուժողին, հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու փորձագիտական եզրակացությունները, ապա հարցաքննել ամբաստանյալներ Սաֆտալյանին, Ավետյանին, Վարդանյանին:
Այսօր հարցաքննվեցին երեք վկաներ: Դատաքիմիական փորձագետ Անահիտ Այվազյանը եզրակացություն է տվել «Ազալեպտին» դեղի մասին:
Նա հայտնեց, որ այդ դեղը հակահոգեգարային դեղ է, նշանակվում է շիզոֆրենիայով և այլ հոգեկան հիվանդություններով տառապող անձանց:
Դեղի մեծ չափաբաժինը կարող է վնասել հատկապես ծեր կամ սրտային հիվանդություններ ունեցող անձանց, բայց թե որ չափաբաժինը կարող է մահ առաջացնել, փորձագետը չկարողացավ հստակ ասել, ըստ նրա՝ դա կախված է տարբեր օրգանիզմների առանձնահատկություններից: Երեք դեղահաբը մահացու դժվար թե լինի:
«Ազալեպտինը» արտադրվում է Հայաստանում, վաճառվում է միայն դեղատոմսով, համարվում է հոգեմետ դեղ: Մեծ, վտանգավոր չափաբաժին կարող է համարվել, ասենք, երկու շաբաթվա մեջ 900 միլիգրամ ընդունելը:
Ամբաստանյալ Ավետյանը նշեց, որ ինքը քիմիայից հասկանում է, «Ազալեպտինը» ջրի մեջ լուծվող դեղ չէ: Փորձագետը նշեց, որ հնարավոր է՝ ջրի մեջ լուծելիս այն նստվածք առաջացնի, բայց ինքը չի լուծել ու միանշանակ պատասխանել չի կարող. «Ով լուծի, նա էլ կտեսնի: Նստվածքը տեսնելն էլ խմողից է կախված. կարող է տեսնել, կարող է և չտեսնել»:
Բժիշկ Ներսիսյանը Արկադի Վարդանյանի ծանոթ բժիշկներից էր, սրտաբան: Վարդանյանը նրան հարցրել էր «Ազալեպտին» դեղի դոզաների մասին: Բժիշկը ստուգել էր համացանցով ու պատասխանել, որ դա միայն բժշկի հսկողությամբ ընդունվող դեղ է, դոզաների մասին էլ ոչինչ չէր ասել:
Վկա Կարինե Ստեփանյանը Ավանի հոգեբուժարանի բժիշկներից է: Նրա հիվանդն էր իր ստացած «Ազալեպտին» դեղի 50 հաբից երեք դեղահաբը տվել Սաֆտալյանին: Բժիշկը նշեց, որ այդ դեղը տրվում է որպես քնաբեր, հանգստացնող: Հիվանդը քնելուց առաջ պիտի խմեր հաբի քառորդ մասը:
Բժիշկը բացառեց երեք հաբից մահ առաջանալու հավանականությունը: Հոգեմետ դեղերին անսովոր մարդը երեք հաբից կարող էր քնել մեկ-երկու օր ու կարթնանար: Վեց հաբից էլ դժվար թե մահ առաջանար: Մոտ տասը հաբի միանվագ ընդունումը միգուցե կարող էր ավելի ծանր հետևանքներ ունենալ:
Այլ վկաներ այսօր դատարան չէին ներկայացել:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 8-ը:








































