«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թավշյա հեղափոխություն իրականացնելու կոչեր է հնչեցնում: Հայաստանում ինչքա՞ն ներուժ կա զուտ ներքին ուժերով թավշյա հեղափոխություն անելու։ Կա՞ այդպիսի քաղաքական ներուժ առհասարակ:
– Դեռ երկու տարի առաջ մի առիթով նշել էի, որ Հայաստանում տեղի է ունեցել պետության զավթում, և պետությունն օգտագործվում է որոշակի հանցախմբի հարստացման համար՝ ուժային կառույցների, յուրայինների համար գերշահույթ ապահովող տնտեսական մենաշնորհների, քարոզչամեքենայի ու այլ գործիքների կիրառմամբ, իսկ ընտրությունները ձևական բնույթ են կրում: Սահմանադրական փոփոխությունների և վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում դե ֆակտո միակուսակցական համակարգի ձևավորմամբ պետության զավթումը ավելի ֆորմալ բնույթ է ձեռք բերել: Հաշվի առնելով ՀՀԿ-ի կողմից իրավապահ մարմինների և դատական համակարգի վերահսկողությունը՝ պետության զավթման այս վիճակը չի կարող փոխվել ընտրությունների կամ դատական վերանայման գործընթացի միջոցով: Նման իրավիճակներում սահմանադրական կարգի շրջանակում իշխանափոխության միակ ձևը խաղաղ զանգվածային անհնազանդությունն է: Սակայն ամայացած քաղաքական դաշտում՝ մասնատված ու հուսալքված, նաև գաղափարապես անբովանդակ ընդդիմությամբ, նման ներուժ լինել չի կարող:
Ընդդիմության գաղափարապես անբովանդակ լինելն այստեղ սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հուսալքումն ու միավորվելու անընդունակությունը դրա ուղղակի հետևանքներից են: Քաղաքական ուժերը երկրի զարգացման ծրագիր չունեն, քանի որ զարգացման ուղղության ընտրություն կատարելուց վախենում են: Այս համատեքստում կարելի է նաև հիշել, որ Հայաստանում նույնիսկ ոստիկանական մահակների ու ջրցանների կիրառման արդյունքում տեղի չտվող զանգվածային բողոքը հեշտությամբ կարող է մասնատվել՝ այն «հակառուսական» պիտակավորելով. «Էլեկտրիկ Երևանը» դրա օրինակն էր: Արդյունքում զարգացման ծրագրի փոխարեն ունենում ենք անբովանդակ «հայաստանակենտրոնություն» կամ բաժակաճառային ցանկություններ՝ «Իսրայել դառնալ» և այլն:
– Նախորդ շաբաթ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ելույթները, ապա ընդդիմադիրների հարցազրույցները ցույց են տալիս, որ կա մեկ օրակարգ՝ ոչ մի կերպ չթողնել, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: Այս օրակարգի շուրջ հնարավո՞ր է արդյոք համախմբում:
– Այն, ինչ արդեն նշեցի, վերաբերում է նաև ոչ մի կերպ չթողնելուն: ՀՀԿ-ի բացարձակ խորհրդարանական մեծամասնության պայմաններում այլ տարբերակ չկա:
– Ի վերջո, ինչո՞ւ այդպես էլ պատասխան չի հնչում, թե ով է լինելու վարչապետ 2018-ից հետո: Ներքաղաքական ինտրիգն այս առումով շարունակվում է:
– Սահմանադրական փոփոխությունների, նախագահական համակարգից հրաժարվելու շարժառիթը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու ժամկետների սահմանափակումը վերացնելը, համարյա ինտրիգի տեղ չի թողնում՝ Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանության ձգտելն ակնհայտ է: ՀՀԿ-ի մենաշնորհային դիրքի պայմաններում եթե անգամ որևէ երկրորդական կուսակցական գործիչ ձևականորեն վարչապետ նշանակվի, իրավիճակի փոփոխություն տեղի չի ունենա:
– Կարո՞ղ է արդյոք այդ թավշյա հեղափոխության առաջնորդ դառնալ Կարեն Կարապետյանը:
– Դա արդեն կլինի ոչ թե թավշյա հեղափոխություն, այլ պալատական կամ թերևս գազի գրասենյակի հեղաշրջում:
– Ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել: Արևմտյան ուժերի պարտությունը խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել է մի վիճակ, որ ԵՄ համաձայնագրի համար պայքարող քաղաքական ընդդիմություն չկա: Այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք:
– Բնականաբար, վտանգն ակնհայտ է. Հայաստանը կարող է է՛լ ավելի մեկուսանալ՝ հանուն «անվտանգության» և մեռելածին ԵՏՄ-ի 170-միլիոնանոց շուկայի հրաժարվելով զարգացման հեռանկարից: ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկներն այս օրերին շատ են քննարկվում (հասարակական հարթությունում ու մամուլում, քաղաքական ուժերը լռում են), իրանական կողմը բազմիցս կրկնել է իր առաջարկները՝ նույնպես ապարդյուն: Չմոռանանք այլ հնարավորությունների մասին ևս. Վրաստանում չինացիները 1 միլիարդ դոլար կապիտալով բանկ են հիմնադրում, իսկ ազատ առևտրի պայմանագրով վրացական արտադրանքի ու ծառայությունների 94%-ը Չինաստան կարտահանվի առանց մաքսատուրքերի՝ իրացվելով ավելի քան միլիարդ սպառող ունեցող շուկայում:
Հայաստանյան ընդդիմության գաղափարական անբովանդակության պատճառով չի կարող ապահովվել համակարգային բարեփոխումների համար անհրաժեշտ մի պայման, որը նշվել է հայտնի գերմանացի քաղաքագետներ Տանյա Բյորզելի և Թոմաս Ռիսեի կողմից: Այն է՝ քաղաքականապես ինքնաբավ ուժերի առկայությունը, որոնք, լինելով եվրոպականացման և բարեփոխումների կողմնակից, ճնշում կգործադրեին իշխանության նկատմամբ: Ընդդիմությունը մեծ մասամբ նույնպես հաճոյանում է Ռուսաստանին՝ իշխանական կոալիցիայի պես: Որոշ ընդդիմադիր գործիչներ կրկնում են իշխանության ներկայացուցիչների պնդումը, որ ԵՄ-ն է մեղավոր, քանի որ «կամ-կամ» մոտեցում էր առաջարկել՝ «և-և»-ի փոխարեն: Նման բան պնդելը պարզապես ազնիվ չէ. ակնհայտ է, որ անհնար էր միաժամանակ մտնել ազատ առևտրի գոտի՝ Ասոցացման և ազատ առևտրի պայմանագրերի համապատասխան, և մաքսատուրքերի ավելացում պահանջող Եվրասիական միություն: Մինչդեռ իրականում հենց Ասոցացման պայմանագիրն է գործնականում «և-և» տարբերակ. այն հնարավորություն կտար նաև Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի հետ ազատ առևտուր ունենալ: Վրաստանի օրինակը հենց դրա վկայությունն է:










































