«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
– Պարոն Մելիքյան, հրապարակվել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները խուսափել են բանակում ծառայությունից: Ցանկը տեսել եք, ՀՀԿ-ն այս առումով մտահոգվելու բան չունի՞:
– Կարծում եմ՝ հարցը պետք է հստակեցնել: Նախ՝ ինչո՞վ եք համոզված, որ ամեն ինչ արել են, որ իրենց որդիներն ամեն կերպ խուսափեն ծառայությունից: Ես այնքան էլ համակարծիք չեմ ձեզ հետ: Եվ նման հարց տալուց առաջ պետք է հստակեցվի՝ որն է եղել պատճառը: Միգուցե դա եղել է օրինական: Ես կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր չեն ծառայել բանակում, հիմքեր ունեցել են, և չեմ կարծում՝ այդ անձանցից որևէ մեկն անհիմն կերպով խուսափի բանակում ծառայությունից: Եվ ես համոզված եմ, որ օրինական ճանապարհով, առանց օրենքը խախտելու, կատարվել է համապատասխան գործողություն: Ես չեմ բացառում, որ հենց թղթերով ամեն ինչ մաքուր է, ամեն ինչ օրենքի շրջանակում է: Կխնդրեի՝ արդեն մյուս քայլերը կատարել, հենց իրենց հետ խոսակցություն վարել, հստակեցնել: Ինչ վերաբերում է ծառայությանը, կարծում եմ՝ բոլորս անխտիր պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին:
– Կարծում եք՝ չկա՞ն պաշտոնյաներ, ովքեր որդիներին բանակում ծառայությունից խուսափելու համար փաստաթղթներ կպատրաստեն, կօրինականացնեն:
– Գոյություն ունի անմեղության կանխավարկած, և բոլոր հարցերի պատասխանները հենց այս շրջանակներում պետք է տրվեն: Ես ուղղակի չեմ ցանկանում հավատալ, որ որևէ մեկն անօրինական քայլ է կատարել:
– «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թավշյա հեղափոխություն իրականացնելու կոչեր է հնչեցնում, ընդդիմադիրներին համախմբվելու կոչեր անում: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը, մտահոգվելու առիթ չունի՞ իշխանությունը:
– Իշխանությունը բացարձակապես մտահոգվելու առիթ չունի: Ես կհորդորեմ մեր գործընկերոջը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ցանկացած կոչեր հնչեցնելուց առաջ նախօրոք մտածի, սթափվի, այնուհետև կոչեր հնչեցնի, առավել ևս, որ նրա կոչերը ոչ ոք չի հնչեցնում:
– Նաև ընդդիմադիրնե՞րը:
– Այո, նաև ընդդիմադիրները: Ոչ ոքի Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերն ընդհանրապես չեն էլ հետաքրքրում: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իր շրջապատում կունենա 5-10 մարդ իրեն համակրող, ոչ ավելի:
– Մոռացե՞լ եք, թե որքան քվե նա ստացավ 2013-ի նախագահական ընտրություններին:
– Ես տեսա, թե որքան ձայն հավաքեց Րաֆֆին, և տեսա, թե ինչպես մսխեց իր քաղաքական հեղինակությունը և հավասարեցրեց զրոյի: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակը վաղուց անցել է, ուղղակի դեռևս ինքը չի զգացել դա: Կհորդորեմ նրան, որ ավելի շրջահայաց լինի:
– Թավշա հեղափոխություն իրականացնելու նախադրյալներ չե՞ք տեսնում, թե՞ պարզապես գիտեք, որ իշխանությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ ուժ է կիրառելու:
– Իշխանությունը ոչ մի դեպքում ուժ չի կիրառել և չի կիրառելու, եթե ցանկացած գործողություն իրականացվում է օրենքի շրջանակներում: Ուժի կիրառումը նույնպես իրականացվում է օրենքի շրջանակներում, եթե իրականացվում են անօրինական գործողություններ: Եթե իրականացվում են օրինական գործողություններ, ապա իշխանությունները երբեք ուժ չեն կիրառում և չեն կիրառելու:
– Իսկ նախորդ տարվա դեպքե՞րը, ուժի կիրառումը Սարի թաղում, Խորենացի փողոցում…Նաև միջազգային կառույցներն են անդրադարձել այդ դեպքերին:
– Ես չեմ կարծում, որ դրանք օրինական գործողություններ էին, համոզված եմ՝ դրանք անօրինական գործողություններ էին, անօրինական կոչեր էին հնչեցվում նաև ահաբեկչական կազմակերպության կողմից, և ահաբեկչական կազմակերպության կողմից անօրինական կոչերի նկատմամբ համաչափ ուժի կիրառումը ամբողջությամբ համարում եմ օրինական:
– Այսինքն՝ «Սասնա ծռերը» ահաբեկչական կազմակերպությո՞ւն եք համարում:
– Ես ընդհանրապես իմ կարծիքը հենց առաջին օրվանից չեմ փոխել. ես «Սասնա ծռերը» ահաբեկչական կազմակերպություն եմ համարում:
– Մեկ տարի է անցել «Սասնա ծռերի» գործողություններից: Երկրում դրական տեղաշարժ չկա, ընդհակառակը՝ արտագաղթի տեմպերն օրեցօր ավելանում են: Իշխանությունը մեկ տարի առաջ տեղի ունեցածից դասեր չքաղեց:
– Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մենք տնտեսական առաջընթաց ունենք: Համապատասխան գործողություններ կատարվել և կատարվում են, օրենսդրության մեջ մեղմացումներ հարկային և մաքսային դաշտում, վերջին տարիների ընթացքում իրականացվել են ներդրումներ և այս պահին էլ իրականացվում են, և կարծում եմ՝ շատ շուտով տնտեսական առաջընթաց կունենանք: Տնտեսական աճն այնպես չէ, որ հենց այսօր հայտարարում ենք, և այսօր կամ վաղը, կամ մեկ տարի հետո պետք է լինի, պետք է դա զգացվի: Այո, մենք սոցիալական, տնտեսական խնդիրներ ունենք, անվտանգության բավականին լուրջ խնդիրներ ունենք, և ասել, որ այդ ուղղությամբ քայլեր չեն կատարվում, ասել, որ կատարված քայլերի ոչ բարձր տեմպերով առաջընթացի ապահովումը կարող է սոցիալական բունտի կամ սոցիալական փափուկ հեղաշրջման խնդիրներ առաջացնել՝ չեմ կարծում, չեմ կարծում նաև, որ դրա հիմքերը կան:
– Դուք որտե՞ղ եք տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլին, երբ ավարտվի նրա նախագահության երկրորդ ժամկետը։ Այս հարցի պատասխանն ընդդիմությանն ամենաշատն է հետաքրքրում:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր հարց պետք է բարձրացվի իր ժամանակին: Ժամանակից շուտ որևէ հարցի պատասխան ակնկալելը և բարձրացնելը չեմ կարծում, որ ճիշտ է:
– Իսկ Կարեն Կարապետյանին ինչ-որ պահից ընդդիմադիր պատկերացնո՞ւմ եք: Նշվում է, որ եթե 2018-ին վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, հնարավոր է Կարեն Կարապետյանն ընդդիմադիր առաջնորդ դառնա: Կարծես դա ակնարկեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
– Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ համար ընդհանրապես որևէ նշանակություն չունի: Կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է, որի անդամն է նաև Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը նաև խորհրդի, ԳՄ անդամ է, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Մենք մեկ թիմ ենք ու վստահում ենք մեր կառավարությանն ամբողջ թիմով և ակնկալում ենք, որ մեր կառավարության հետ միասին կարող ենք երկրում տնտեսական առաջընթաց և անվտանգություն ապահովել:
Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ կառավարության հետ միասին մեր նախընտրական ծրագրերն իրականացնենք:









































