Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործում է որպես գործիք Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար և հետաքրքրված չէ դրա կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է contact.az-ը, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը «Արևելյան գործընկերության» երկրների լրագրողների հետ հանդիպմանը:
«Մոսկվան սառեցված հակամարտություններն օգտագործում է այս կամ այն տարածաշրջանում ի նպաստ իր շահերի: Ռուսաստանի համար առաջնայինը սեփական շահերի իրագործումն է, այլ ոչ թե հակամարտությունների լուծումը, ինչպես դա տեղի է ունենում Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ամենաթարմ օրինակը Հայաստանի հետ կապված դեպքն է, երբ Երևանին փաստացիորեն ստիպեցին անդամակցել Մաքսային միությանը:
«Մենք հարգում ենք երկրի ընտրությունը, սակայն եթե խոսքը ազատ ընտրության մասին է: Այնինչ Հայաստանի որոշումը թելադրված է նախապայմանով, որ դրեցին Երևանի առաջ. մասնավորապես՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում դուք կկորցնեք Ղարաբաղը»,- ասել է Բրոկը:
Նա ափսոսանք է հայտնել Կրեմլի նման քաղաքականության կապակցությամբ, որը պատմականորեն նման քաղաքականություն է իրականացնում իր հարևանների և գործընկերների նկատմամբ:
«Ռուսաստանը Անգելա Մերկելին խոստացավ լուծել Մերձդնեստրի հակամարտությունը՝ Եվրոպայի կենտրոնում լարվածությունը հանելու համար, սակայն ոչինչ չարեց»,- ասել է Բրոկը՝ նշելով, որ նման կերպ Մոսկվան պահում է իրեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարին՝ Բրոկը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը այլ ելք չունեն, քան միմյանց ընդառաջ գնալը:
«Այս արատավոր շրջանից դուրս գալու համար երկու կողմերը պետք է համատեղ և միաժամանակյա քայլեր կատարեն: Ադրբեջանի վիճակն ավելի լավ է, նա լուրջ ռեսուրսներ ունի: Սակայն հակամարտության վերսկսման դեպքում երկու կողմերն էլ կհայտնվեն պարտվողի դերում: Այդ պատճառով կողմերը պետք է մերձեցման և հաշտեցման ուղիներ փնտրեն»,- նշել է Էլմար Բրոկը:









































