Հյուսիսային Կորեան հավանաբար պատրաստվում է կրկին գործարկել բալիստիկ հրթիռ՝ հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի փորձագետներին:
Ամերիկացի փորձագետները նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ հասարակական կյանք է վերադարձել Պակ Դո Չոնը, որը պատասխանատու է Հյուսիսային Կորեայում միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացման համար:
Ռազմական արդյունաբերությամբ զբաղվող Աշխատանքային կուսակցության քարտուղար Պակ Դո Չոնին հյուսիսկորեական ԶԼՄ-ները այս տարվա մայիսից չէին հիշատակում:
Նրա անհետացումը փորձագետները կապում էին միջուկային ծրագրերի մշակման գործում տեխնիկական խափանումների պատճառով նրա պաշտոնը իջեցնելու հետ: Սակայն նա սեպտեմբերի սկզբին դարձյալ հայտնվեց հյուսիսկորեական մամուլում:
Այս կարծիքին է ամերիկյան-հարավկորեական 38 North պորտալի մասնագետ Ալեքսանդր Մանսուրովը:
Նախօրեին պորտալի փորձագետները, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարների տվյալները, հայտնել էին, որ «Սոխե» ռազմաբազայում օգոստոսի 25-30-ը կարող էր գործարկվել հրթիռի շարժիչը:
Անցած շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ արբանյակը արձանագրել է սպիտակ գոլորշի Յոնբենեի միջուկային օբյեկտի հարևանությամբ, որի շահագործումը դադարեցվել էր 2007թ.: Այդ իսկ պատճառով ամերիկացի փորձագետները կասկածներ էին հայտնել ռեակտորի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ:
Միաժամանակ փորձագետները նշում են, որ Յոնբենեում ակտիվություն է նկատվում արդեն մի քանի ամիս շարունակ:










































