Պետական բյուջեով տպվում է ինչ ասես: 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանը, դիմելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Լրագրող ժամանակ ես ուսումնասիրել եմ, մի մարդ գրել է պատմվածք՝ «Ինչո՞ւ է վրնջում ձին» և դարձել է Գրողների միության անդամ: Այն չափորոշիչները, որով մարդիկ դառնում են այս կամ այն ստեղծագործական միության անդամ, ուղղակի ողբալի են»,-ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք 2018թ. բյուջեով այս հարցը լուծվելու է և հստակ չափորոշիչներ են տրամադրվելու գրքերը տպագրելու համար:
«Թող ինձանից որևէ մեկը չնեղանա, բայց ես մոնիթորինգ եմ անցկացրել Հայաստանի գրախանութներում, և գրողների՝ պետպատվերով գրված ստեղծագործությունների 90 տոկոսը մակուլատուրա է։ Դառնում են Գրողների միության անդամ, ում գրվածքների 90%-ը ոչ ոք չի գնում, բացի գրողից»,-ասաց Զոհրաբյանը:
Ի պատասխան նախարարը նշեց, որ կիսում է այդ մտահոգությունը և խոստացավ, որ 2018թ. բյուջեով պատգամավորի բարձրաձայնած խնդիրներին ուշադրություն կդարձվի:







































