Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլան «ծիծաղաշարժ» է անվանել ամերիկյան կողմի հայտարարությունը, համաձայն որի՝ կազմակերպությունը կարող էր հասանելիություն ստանալ սիրիական քիմիական զենքի զինանոցներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Անցյալ ամիս Ազգային կոալիցիայի անդամները մեղադրել էին Բաշար Ասադին քիմիական զենքը լիբանանյան շարժմանը փոխանցելու մեջ՝ խուսափելու համար ստուգումներից: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Դամասկոսը համաձայնել էր քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը:
«Այդ մեղադրանքներն իսկապես ծիծաղաշարժ են»,- ասել է Նասրալլան: Նրա կարծիքով՝ նման արտահայտությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Լիբանանի համար:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ օգոստոսի 21-ին Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո սպառնալիք կա առ այն, որ զենքը կարող է հայտնվել ծայրահեղականների, այդ թվում՝ «Հըզբոլլահի» և «Ալ-Քաիդայի» թևի ձեռքում:











































