«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, Ձեզ համար արդյո՞ք անակնկալ չէր սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ցանկության մասին հայտարարությունը: Կարծիք կա, որ Մաքսային միությունն այդպես էլ չի կայանալու, պարզապես սա պետք էր Ռուսաստանին՝ կանխելու Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը:
– Ես ժամանակին էլ ասում էի, որ ռուսական նախագծերը` թե՛ Մաքսային միությունը, թե՛ Եվրասիականը, ընդամենը թեմաներ են, որոնց շուրջ աշխարհաքաղաքական պլաններ են մշակվում և ազդեցության գոտիներ են ստեղծվում: Այսօր էլ նույն կարծիքին եմ. սրանք աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող որոշումներ են, և ոչ թե կոնկրետ թեմայի են վերաբերում: Եվ այն մեծ աղմուկը, որ բարձրացավ Եվրոպայում Հայաստանի որոշման շուրջ, նույնպես փաստում է, որ նրանց ոչ թե կոնկրետ նախագծերն են հետաքրքրում, այլ դրանք ընդամենը ազդեցության լծակներ ձևավորելու պատրվակ էին, փորձ: Այս պարագայում կոնկրետ նախագծերի մասին խոսելն անիմաստ է:
Ամռանն իմ վերջին հարցազրույցում ասացի, որ Հայաստանն ինքն իրեն պետք է կարողանա այնպես պահել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան իրենց մոտեցումներն ավելի կոնկրետացնեն՝ հստակ առաջարկներով հանդես գան: Իրականում, սակայն, Հայաստանում քաղաքականությունը շատ սիտուատիվ և շատ սպեկուլյատիվ է: Եվրոպան փորձում է ներկայացնել, որ իրեն «քցել» են, բայց սա կարելի է շուռ տալ իրենց դեմ, քանի որ դեռ պարզ չէ՝ ով ում էր «քցում»: Իրականում Ասոցացման պայմանագրի ստորագրմամբ եվրոպացիները նպատակ ունեին ցանկացած գնով այստեղ իրենց ազդեցությունն ավելացնել, և մենք դա շատ լավ գիտենք. նրանք աչք էին փակում Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող ամենամեծ այլանդակությունների վրա, ընտրությունների ժամանակ իրենց զեկույցներով ապացուցում էին, որ իրենց համար որևէ արժեք էական չէ, էականը նեղ քաղաքականությունն է, որն իրենք հետապնդում են: Եվ հիմա գանգատվում են, մինչդեռ բոլորը իրար «քցելով» առաջ են գնում:
Ես սա անվանում եմ «լեհ-լիտվական դեմագոգիա», քանի որ ամբողջ քաղաքականությունը կառուցված է եղել շահագրգիռ երեք երկրների դեմագոգիայի վրա, ոչ ավելի: Եվ այդ դեմագոգիան Ռուսաստանի բռի մոտեցման արդյունքում պետք է պարտվեր: Իսկ հիմա այդ դեմագոգիայի պարտության պահն է, Հայաստանի ներսում էլ այդ դեմագոգիայի մեջ բազմաթիվ դեմագոգներ, իրենց շահը փնտրելով, բոլորն էլ պարտվել են: Սա է եղել, ուրիշ որևէ բան չկա, դրա համար էլ այս ամենի արժեքը, աշխարհաքաղաքական նշանակությունը իսկապես հասկանալու փորձեր չկան: Շատերը զարմանում են՝ ինչու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարում, որ Մաքսային միությունում ոչինչ չկա, որը կխոչընդոտի բարեփոխումների շարունակմանը: Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություներում կարծես ոչ մի բան չի պատահել, եվրոպացիները իրենք էլ զարմացած են՝ ինչու Միացյալ Նահանգները միանշանակ իրենց չի պաշտպանում:
– Փաստացի պարտությունը բոլոր կողմերի՞ց էր, թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանը շահած դուրս եկավ:
– Մենք չգիտենք՝ ինչ խնդիրներ են դրված Ռուսաստանի առաջ, որ կարողանանք հստակ ասել՝ Ռուսաստանը պարտվե՞լ է, թե՞ հաղթել, մենք չգիտենք՝ ինչ է նշանակում Ռուսաստանի համար Հայաստանի այս որոշումը. կարող է այնպիսի մի բան է նշանակում, որ մենք չենք էլ կարող պատկերացնել, որովհետև անհնար է առանձին միջազգային քաղաքական պրոցես հասկանալ, եթե չես հասկանում այս պահին ընդհանրապես ինչ հարաբերություններ են գերտերությունների միջև ստեղծված: Մենք տեսնում ենք Սիրիայի ճգնաժամը, տեսնում ենք կտրուկ քայլեր ԱՄՆ կողմից, ինչպես նաև համապատասխան ռեակցիա Ռուսաստանի կողմից: Կարծում եմ՝ այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ են, հարաբերություններ են պարզվում ուրիշ ոլորտում, և Հայաստանի նման երկրների դիրքորոշումը կախված է այդ հարաբերություններից: Ես չգիտեմ՝ վաղը ընդհանրապես ակտուա՞լ լինելու են Մաքսային միության կամ ասոցացման պայմանագրի շուրջ զրույցները, քանի որ կարող են փոփոխություններ լինել ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Եվ պետք է լայնորեն դիտարկել խնդիրները, փորձել հասկանալ՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ը այսպես հանգիստ վերաբերվում դրան, հասկանալ՝ հանկարծակի ի՞նչ պատահեց, որ Ռուսաստանը մերձեցավ Ադրբեջանի հետ, զենք է վաճառում, և որևէ մեկը ձայն չի հանում:
– Մի քանի քաղաքագետներ շտապեցին հայտարարել, որ դա զուտ բիզնես է Ռուսաստանի համար, որ Ռուսաստանը միշտ էլ վաճառել է, պարզապես հիմա տեղեկատվությունն ավելի բաց է:
– Ասում են՝ դա բիզնես է, ասում են՝ ՄՄ-ն էլ է բիզնես, բայց իրականում բիզնես ոչ մի տեղ էլ չկա, սրանք լուրջ խնդիրներ են, երբ զենք է տրամադրվում կոնֆլիկտային գոտում, երբ երկրների միջև որակական հարաբերություններ են փոխվում, բիզնես նման բաներում չի լինում:
– Ասոցացման պայմանագի՞րն էլ է, ըստ Ձեզ, դեմագոգիա: Շատ տնտեսագետներ բերում էին փաստեր, որ մենք կունենայինք այլ՝ ազատականացված տնտեսական քաղաքականություն, ինչը չի լինի Մաքսային միության դեպքում: Այս դեպքում Եվրոպան ի՞նչ ձևաչափով կշարունակի համագործակել ՀՀ հետ:
– Ստեղծված պարտվողական իրավիճակում միակ դրական կողմն այն է, որ գուցե առաջին անգամ Եվրոպան էլ սկսի ավելի լուրջ մոտենալ այդ հարցերին, ոչ թե աջակցի այս կամ այն հանցագործությանը, այլ խնդիրը քաղաքական հարթության մեջ ճիշտ դնի, և ոչ թե խաբելու վրա դրվի: Արհամարհելով գործընկերոջ անվտանգության և մյուս խնդիրները, խոստանալով ընդամենը ինչ-որ փողեր, աչք փակելով կեղծիքների վրա՝ սա Եվրոպայի կողմից քաղաքականություն չէր, առավել ևս` Հայաստանի իշխանությունների դեպքում, որոնք սովոր են խաղալ բոլորի հետ միայն այդ պահի հարցերը լուծելու համար: Սա էլ էր պահի հարց, վաղը մի ուրիշ պահի հարց կլուծվի: Ամենավտանգավորն այն է, որ այս խնդիրների միջից պատասխանատվությունը հանված է, կազինոյի պես խաղ են խաղում, բոլորն իրար վրա թքած ունեն: Նման մթնոլորտ ստեղծելը երբեք չի կարող բերել այն պատասխանատու որոշումներին, որոնց բոլորը սպասում են, որովհետև ոչ ոք պատասխանատու չէ, բոլորը իրար «քցելով» են առաջ շարժվում: Եվ եթե Եվրոպան լրջորեն նայի իր մոտեցումներին, իհարկե կարող են ստեղծվել շատ ավելի լուրջ հարաբերություններ: Միևնույն է, եթե նման մթնոլորտում որևէ բան ստորագրվեր, չէին ստանալու այն, ինչ սպասում էին:
– Մենք տեսել ենք եվրոպական դիտորդների գնահատականները յուրաքանչյուր ընտրությունից հետո, ինչպես են դրանք մեկ քայլ առաջ որակել, փոխարենը վերջին գնահատականները քաղաքացիական ակտիվիստներին ծեծի ենթարկելու վերաբերյալ, խիստ քննադատական և դատապարտող էին:
– Թող զեկույցներ գրեն, լրջացնեն, կանչեն պատասխանատվության, դա է կարևորը: Ի տարբերություն եվրոպացիների՝ ռուսները կատակ չեն անում ոչ մի հարցում, նրանք իրենց այլանդակության մեջ շատ պարզ են և կատակ չեն անում: Եվրոպայի քաղաքականությունը Հայաստանի հետ կապված իսկապես անլուրջ է, անլրջությունը պետք է պարտվեր, և բոլոր նրանք, ովքեր անլուրջ են մոտեցել, բոլորն են պարտվել: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հասկանում է` իր արածը լա՞վ է, թե՞ վատ իր համար, ո՛չ հասկանում է, ո՛չ էլ գիտի ինչ անի դրա հետ:
– Պարոն Սարգսյան, ի՞նչ է տեղի ունենում ներքաղաքական կյանքում: Որքանո՞վ է քաղաքացիական հանրույթն այսօր կարողանում պրոցեսների վրա ազդել: Կա կարծիք, որ նրանց գործունեությունը շատ ավելի պակաս արդյունավետ է դառնում:
– Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից ռեպրեսիվ գործողությունները մեծացել են: Պատճառներից մեկը արտաքին քաղաքականության անորոշությունն է, որը դժգոհություններ է ստեղծում հասարակության մեջ: Իշխանությունները նման իրավիճակում մի տարբերակ ունեն՝ ուժեղացնել ճնշումները: Այս ամենը էապես բարդացնում է հասարակության վիճակը: Քաղաքական կուսակցությունները կարծես թե որևէ անելիք չունեն, քանի որ առաջիկա երեք տարիներին ընտրություններ չկան, իսկ գիտենք, որ նրանք ընտրությունից ընտրություն են ակտիվանում, այս որոշումների վերաբերյալ կարծես թե նրանց մոտ հստակ դիրքորոշում արտահայտելու ցանկություն չկա, կամ լղոզված գնահատականներ են: Նրանք ոչ հասկանում են արտաքին քաղաքականությունից, ոչ էլ ցանկություն ունեն առաջ գալ և դիրքորոշում հայտնել: Այս բարդ վիճակում քաղաքացիական հասարակության խմբերը միայնակ են մնում գործընթացներում: Եվ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունն ինքը պետք է իր խնդիրները ձևավորի, ներկայացնի: Սա մենք տեսնում ենք, բայց շատ դժվար է քաղաքացիական հասարակության համար բազմակողմանի քաղաքականությամբ զբաղվել՝ սկսած 150 դրամի ակցիաներից, վերջացրած արտաքին քաղաքականության խնդիրներով: Սա աննորմալ իրավիճակ է, քանի որ սա անմիջապես հասարակության խնդիրը չէ, հասարակությունը պետք է հստակ խնդիրներ ունենա իր առաջ և լուծի: Եվ հիմա ամբողջ ոլորտը մնացել է հասարակության վզին: Սակայն մի բան ակնհայտ է. հասարակության մեջ կա սեփական թուլությունը, անկազմակերպվածությունը հաղթահարելու ձգտում: Տպավորիչ էր անկախության երթը, ինքնին արժանապատվության խնդիր էր դրված երթի մեջ: Խնդիրը հասարակության մեջ պատասխանատվության աստիճանը բարձրացնելն է: Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց յուրաքանչյուր քայլ մեծ նշանակություն ունի, և պատասխանատվություն պետք է ունենան ամեն քայլի համար, որ չգան հավասարվեն մինչև հիմա եղած քաղաքական խմբերին, որոնց կրեդոն անպատասխանատու լինելն է, սկսած առաջին դեմքից՝ անել ամեն ինչ և ոչ մի բանի համար պատասխանատու չլինել: Եթե պատասխանատվությունը լինի, կստեղծվի կարգ ու կանոն: Համընդհանուր անպատասխանատու մթնոլորտը պետք է կանխվի:
Պատասխանատվության պակասից է, որ կորցնում ես անկախությունը, եթե դու պատասխանատվություն չունես, նա, ով գնում ստորագրում է` առավել ևս պատասխանատվություն չի կրում ոչ մեկի առաջ, 5000 դրամ տվել է ու վերջ: Պատասխանատվության ընկալումը իշխանությանը սերմանելու համար նախ հասարակությունը ինքը պետք է ցույց տա պատասխանատվության լրջությունը, դրանից իրենք կգան և հաշվետու կլինեն իրենց քայլերի համար:
– Կարծիք կա, որ Ազգային պլատֆորմը պետք է պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:
– Իհարկե, մարդիկ տեսնում են, որ ոչ միայն Սերժ Սարգսյանն է մեղավոր, այլ բոլոր նրանք, ովքեր լռում են, իրենց պատասխանատու չեն զգում, բայց որոնք կարծես եղել են այդ դեմագոգիկ քաղաքականության մեջ: Չպահանջել հրաժարականը, նշանակում է՝ իրենք էլ են նույնը, այստեղից էլ քայքայվում է ամեն ինչ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































