Որոշ դիտորդներ, ովքեր ուշադրություն են դարձնում Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին և նրա հռետորությանը, որը պահպանվել է ընտրություններում նրա հաղթանակից կարճ ժամանակ անց, հավատում էին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում մեղրամիս կլինի: Այս մասին գրում է թուրքական Hürriyet պարբերականը:

Իսկ ի հակակշիռ քաղաքական դիտորդների, ովքեր տարված են այս համոզմունքով և կարծում են, որ գլոբալ մակարդակով լարվածության որոշ թուլացում կլինի՝ այլ տեսակետ կար: Ըստ դրա կողմնակիցների՝ մեղրամսի այդ տեսլականը որոշ ժամանակ անց կվերանա և երկու խոշոր տերությունների հարաբերությունները կշարժվեն դեպի նոր բևեռացում: Ինչ-որ մեկը նույնիսկ այս տեսակետն անվանել է «նոր սառը պատերազմի ընթացք»:
Նրանք, ովքեր երկրորդ տեսակետին էին համակարծիք, հաջակցություն իրենց դրույթների՝ ուշադրություն էին դարձնում նրան, որ Թրամփի մոտ շրջապատում կարևոր տեղեր զբաղեցնող և որոշումներ ընդունող նոր բարձրաստիճան անձինք զինվորական ծագում ունեն: Այդ կարևոր անձանց թվում նշում էին պաշտպանության նախարար Մեթիսին և ազգային անվտանգոթյան հարցերով խորհրդական Մաքմասթերին:

Արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ գնահատականներում, որոնք հնչեցնում էին Մերձավոր Արևելքում առաքելություններին մասնակցող հրամանատարները, ովքեր ընդգրկվել են ամերիկյան նոր վարչակազմում, որպես հիմնական պարամետրեր հետևյալն էր նշվում՝ ուժեղացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, Իրանի հետ հարաբերություններում այնպիսի ըմբռնում չցուցաբերել, ինչպիսին Օբաման, Ռուսաստանի հետ հարաբերություններում հեռավորություն պահպանել և զգույշ գործել: Այս տեսակետից նայելիս դժվար չէր հասկանալ, որ ԱՄՆ-ը, չնայած Թրամփի հռետորությանը, չի կարողանա դիմանալ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեղրամսին:
Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները երբեմն արագ են առաջ գնում, իսկ երբեմն՝ շատ դանդաղ և ձգձվում են: Ուշադրությունից չի վրիպում փաստը, որ ներկայումս ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն այլ կերպ են էվոլյուցիա ապրում, քան նկարագրում էր Թրամփը: Այն, որ այդ վերափոխումը տեղի է ունենում ավելի արագ, քան սպասվում էր, կապված է մի քանի կարևոր իրադարձությունների հետ, գրում է թերթը:

Առաջին իրադարձությունն ԱՄՆ-ում սկսված հետաքննությունն է՝ կապված ՀԴԲ նախկին ղեկավարին հեռացնելու Թրամփի որոշման հետ, և ինչպես պարզ է դառնում, այդ հետաքննությունն աստիճանաբար կխորանա, կարագանա, գնալով ավելի մեծ կարևորություն կստանա: Պնդում կա, որ այդ հետաքննությունից կարող են առաջանալ Թրամփի վարչակազմից որոշ անձանց կապեր Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տվյալներ և այն մասին, որ Թրամփն ուներ դիրքորոշում, որը չէր նպաստում հետաքննությանը, այլ նպաստում էր այդ ամենի քողարկմանը: Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվող դրական մթնոլորտն այդ հետաքննության առաջընթացին զուգընթաց սկսում է բացասական կանխատեսմամբ փոխարինվել:

Երկրորդ իրադարձությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ը ավելի արագ, քան սպասվում էր, ներկայացրեց իր դիրքորոշումն իրանական հարցում: Այն, որ Իրանը, չնայած նրա հետ կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, շարունակում է հրթիռային փորձարկումները, նույնիսկ Օբամային է անհանգստացրել: Ելնելով սրանից՝ Թրամփի վարչակազմը սկսեց արագորեն ազդանշաններ տալ, որ իր հայացքն Իրանին չի լինի այնպես կառուցողական, ինչպես Օբամայի շրջանում:
Կարծելը, թե Կատարի հետ կապված ճգնաժամն անսպասելիորեն առաջացավ, նշանակում է ոչ բավականաչափ լիարժեք գնահատել տեղի ունեցողը և Պարսից ծոցում այդ նոր իրադարձությունը հանգեցնել միայն լարվածության Սաուդյան Արաբիայի և Կատարի հարաբերություններում: Այնուամենայնիվ, ավելի իրատեսական կլիներ այդ ճգնաժամը մեկնաբանել որպես ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումների արտացոլում Իրանի նկատմամբ:

Երրորդ իրադարձությունը իրավիճակն է Սիրիայում: Վերջերս ԱՄՆ-ի մասնակցությամբ գնալով ավելի շատ «միջադեպեր» են տեղի ունենում սիրիական ռեժիմի տարրերի նկատմամբ: Ռեժիմը փորձում է գրոհներով պատասխանել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գործողություններին:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ նախագահի պաշտոնից Ասադի հեռանալն ինքը չի դիտարկում որպես «անբաժանելի» պայման Սիրիայի ապագայի տեսակետից: Որոշ դիտորդներ ենթադրում են, որ այդ իրադարձությունը սահմանափակում է Սիրիայում Ասադի հարցով ԱՄՆ-ի հետ առևտուր անելու Ռուսաստանի հնարավորությունները:

Չորրորդ իրադարձությունը տեղի է ունենում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում և ցույց է տալիս, որ գործողություններն ինչպես իրաքյան Մոսուլում, այնպես էլ՝ սիրիական Ռաքքայում, սեղմում են շրջափակման օղակը և բարդացնում են ԴԱԻՇ-ի վիճակը: Սպասելը, որ այդ իրավիճակն ավելի կայուն մթնոլորտ կապահովի հարևան շրջաններում, սխալ է: Քանի որ տարածքը, որը ԴԱԻՇ-ը կազատի, լցնելու համար, ըստ ամենայնի, լրիվ իմաստով գայլային օրենքներով պայքար կսկսվի:
Թուրքիայի դրությունն աստիճանաբար բարդանում է: Թուրքիան, որը Ռուսաստանի հետ ստանձնել էր Իդլիբում լարվածության թուլացման գոտիների վերահսկողությունը, կաշխատի պահպանել հավասարակշռությունը կրակի կարևորագույն գծում ռեժիմի ուժերի և սիրիական ընդդիմության միջև: Ողջ աշխարհը գիտի, որ դամասկոսյան ռեժիմն ուզում է մաքրում անել Իդլիբում: Սրա հետ կապված՝ հարց է առաջանում՝ որքանո՞վ ըմբռնման միասնականությունը, որը Ռուսաստանին չհաջողվեց պահպանել ԱՄՆ-ի հետ, ուժ կունենա Թուրքիայի հետ:
Մյուս կողմից՝ պարզ չէ՝ ինչպիսի հավասարակշռումներ կառաջանան Մոսուլում ԴԱԻՇ-ից հետո: Հայտնի չէ՝ արդյոք «Սիրիայի դեմոկրատական ուժերը» կհեռանան տարածաշրջանից Ռաքքայում գործողությունից հետո: Սրա հետ կապված՝ դեռ դժվար է ասել, որ խնդիրներն ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբեություններում լիովին հաղթահարված են:
Վերջապես, աճում է նրանց թիվը, ովքեր համոզված են, որ կատարյան ճգնաժամը թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր բևեռացման նախերգանք է: Այսուհետ անհնար է դառնում համոզիչ պատասխան գտնելը հարցին՝ Թուրքիային ուր է տանում իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ:








































