Microsoft-ի գլխավոր տնօրեն Ստիվ Բալմերը, որը շուտով կլքի պաշտոնը, հայտարարել է, որ զղջում է 2000-ականների սկզբից բջջային շուկայում կորցրած դիրքերի համար: Այս մասին հայտնում է CyberSecurity-ն:
Նրա խոսքով՝ այդ ժամանակվա Microsoft-ի բացթողումները Google-ին ու Apple-ին հնարավորություն են տվել առաջ մղվել:
Բալմերը նշել է, որ չափազանց շատ է կենտրոնացած եղել Windows-ի վրա, մինչդեռ բջջային տեխնոլոգիաները մեծ թրենդ են դարձել շուկայում:
Վերլուծաբանների խոսքով՝ Microsoft-ը բավականին հետ է մնում բջջային շուկայում: Այժմ Windows Phone բջջային օպերացիոն համակարգը նոր է սկսել նկատվել շուկայում, չնայած շատ սպառողներ նախկինի պես այն չեն դիտարկում որպես Android-ի ու iOS-ի արժանի այլընտրանք:










































