Այսօր Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են: Երկրում բացվել են 80 հազար ընտրատեղամասեր, որոնցում կընտրեն Բունդեսթագի 18-րդ գումարման պատգամավորներին: Ընտրությունների արդյունքներից է կախված նախարարների նոր կաբինետի կազմը: Կանցլերի պաշտոնի հիմնական հավակնորդներից է ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը: Նա ներկայացնում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը:
Ընտրական տեղամասերը իրենց աշխատանքն սկսել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Այն կտևի մինչև ժամը 18-ը: Ինչպես սպասվում է, ընտրությունների արդյունքների մասին կհայտնեն կեսգիշերին կամ երկուշաբթի:
Իրենց թեկնածուներն են առաջադրել 34 կուսակցություններ, սակայն իրական հնարավորություններ ունեն միայն 5-6 քաղաքական միավորումներ: Մանդատներ ստանալու համար կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել ձայների 5%-ը:
Կանցլերի պաշտոնին հավակնում են կառավարության ներկայիս ղեկավար Անգելա Մերկելը, որը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» դաշինքից առաջադրվում է երրորդ ժամկետում, և ֆինանսների նախկին նախարար Պեեր Շթայնբրյուքը, ով ղեկավարում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը:
Համաձայն վերջին սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների՝ Մերկելի օգտին կարող է քվեարկել ընտրողների 51-62%-ը, իսկ Շթայնբրյուքը կարող էր ստանալ ձայների 26-28%-ը:









































