Չինաստանը պատրաստ է կապեր պաշտպանել բոլոր շահագրգիռ կողմերի միջև և դեր ստանձնել Լիբիայի խնդրի քաղաքական կարգավորման հարցում: Այս մասին երեկ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Յույը:
«Չինական կողմի դիրքորոշումը Լիբիայի հարցում շատ հստակ է: Չինաստանը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորինս արագ դադարեցնել կրակը և կարգավորել ճգնաժամը քաղաքական ճանապարհով»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: «Մենք հարգում են Լիբիայի ժողովրդի ընտրությունը և աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք ուղղված երկրում առկա խնդիրների քաղաքական կարգավորմանը»,- նշել է չինացի դիվանագետը:
Ցզյան Յույը հավելել է, որ Չինաստանը կողմերին կոչ է անում Լիբիայի ժողովրդի և պետության շահերն ավելի վեր դասել՝ հաշվի առնելով միջազգային հանրության կողմից առաջարկված կարգավորման բոլոր տարբերակները:
Հիշեցնենք, որ Լիբիայում կարգավորման միջնորդական գործունեություն իրականացնելու մասին են հայտարարել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման, որը երկու օր առաջ ժամանել էր Տրիպոլի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը, ինչի մասին նա հայտարարել էր Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ:









































