Այս շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է վիճակագրական տվյալներ 2012-ի ընթացքում երկրում կատարված հանցագործությունների մասին: Համաձայն փաստաթղթի՝ Չիկագոյում բռնությունների ալիքի պատճառով քաղաքը ճանաչվել է ամենաարյունոտը ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Անցյալ տարի այդ քաղաքում մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ կատարվել է 500 սպանություն: Նյու Յորքում, որը մինչ այդ «քրեական առաջնորդն» էր, սպանությունների թիվը եղել է 419:
Նշենք, որ 2011-ին FBI-ը Չիկագոյում գրանցել էր 431 սպանության դեպք, իսկ Նյու Յորքում՝ 515:
Բյուրոյի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հանցագործությունների թիվը վերջին տարիներին աճել է: Հատկապես մեծ է սպանությունների թիվը, այդ թվում՝ չկանխամտածված: Ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող քաղաքներում այդ մակարդակը մեծացել է 1.4 տոկոսով, իսկ ավելի փոքր քաղաքներում, որոնց բնակչությունը կազմում է 500 հազարից մինչև 1 մլն, 9.7 տոկոսով:
FBI-ի տվյալներով՝ երկրում բոլոր սպանությունների 69 տոկոսը կատարվում է հրազենի կիրառմամբ:
ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքների հնգյակում են նաև Դեթրոյթը (386), Ֆիլադելֆիան (331) և Լոս Անջելեսը (299):









































