Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանման զինծառայողները, որի հրամանատարը օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական հարձակման հավանական մեղավորներից մեկն է համարվում, իրենք են վախեցել տուժել թունավոր գազից՝ հեռուստատեսությամբ իմանալով ենթադրյալ քիմիական հարձակման մասին, գրում է բրիտանական The Independent թերթը:
Հոդվածում լրագրող Ռոբերտ Ֆիսկը մեջբերում է սիրիացի իր ընկերոջ հիշողությունները, որը քիմիական հարձակման օրը գտնվել է Դամասկոսի արվարձաններից մեկում: Ֆիսկի խոսքով՝ իր ընկերը եղել է Չորրորդ հակատանկային դիվիզիայի անդամ, որը գտնվում է երկրի նախագահի եղբոր՝ Մահեր Ալ-Ասադի ենթակայության ներքո: Սիրիացին պատմել է կառավարական զորքերի կողմից հրետանային ռմբակոծության մասին, սակայն հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ինքը ոչինչ չի իմացել:
«Նա հիշում է միայն կառավարական զինծառայողների անհանգստությունը, երբ նրանք հեռուստացույցով տեսան գազային թունավորման զոհերին պատկերող առաջին կադրերը: Նրանք վախեցան, որ ստիպված կլինեն կռվել թունավոր գազի պայմաններում»,- գրել է Ֆիսկը:
Ըստ լրագրողի՝ սիրիացի զինվորականները ստիպված չեն եղել հակագազ օգտագործել, թեև ունեցել են:












































