«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
-Պարոն Կյուրեղյան, նախօրեին «Սասնա ծռերի» դատական առաջին նիստին չկատարվեց դատավորի պահանջը լռություն պահպանելու վերաբերյալ։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս փուլում:
-Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն, դատական համակարգը ոտքից գլուխ կոռումպացված է, և սպասել արդար դատական որոշման՝ միամտություն կլինի բոլորիս կողմից: Ինչպիսի քաղաքական պատվեր ստացան, դատարանն այդ քաղաքական պատվերի վերջնական կնիք խփողն է: Այնպես որ սա լուրջ չէ, ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում, նման տիպի դատավարություններում էական չեն այդ բոլորը, նման դեպքերում կայացվում է քաղաքական որոշում:
-Խոսակցություններ կան արտախորհրդարանական հզոր ուժ ստեղծելու մասին: Արդյո՞ք համագործակցություն հնարավոր է այս փուլում: Կարծում եք՝ հնարավո՞ր է հզոր բևեռի ձևավորում, երբ առաջիկա հինգ տարիներին չկան ընտրություններ:
-Ես կարծում եմ՝ ընտրություններ լինել-չլինելու հանգամանքը այնքան էլ էական չէ, և ընդհանրապես Հայաստանում որևէ բան դեպի լավը փոխելու համար անպայման պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք մտահոգված են Հայաստանի ճակատագրով և ուզում են ապրել անվտանգ հայրենիքում: Նաև պատերազմող երկիր ենք, չմոռանանք, որ մեր զավակները պատերազմի դաշտում են և մենք ուզում ենք ուժեղ Հայաստան, որպեսզի կարողանանք մեր երկիրն արժանապատիվ ձևով պահել:
–«Սասնա ծռերի» գործողություններից մեկ տարի է անցել, կարծում եք՝ երկրում փոփոխություններ կա՞ն:
-Նույն մտահոգությունները, խնդիրներն ավելի են խորացել, ավելի բացահայտ են դարձել այն արատավոր երևույթները, որոնք մինչև հիմա կային: Իրավիճակը կարող է անսպասելի փոխվել, ոչ ոք երաշխավորված չէ: Դա ցույց են տալիս նաև տալիս աշխարհում ընթացքող գործընթացները: Ամբողջ աշխարհը գնում է մեկ ուղղությամբ, իսկ Հայաստանը և որոշ հետխորհրդային երկրներ, հիմնականում ԵԱՏՄ անդամները, ուզում են գնալ մեկ այլ ուղղությամբ: Կարծում եմ՝ նման բան չի կարող լինել: Կարծում եմ՝ այդ երկրները նույնպես փոխելու են իրենց ճանապարհը, դա կլինի հիմա, մեկ տարի հետո, բայց փոխելու են: Այդ ուղուն այլընտրանք չկա, բռնապետական երկրները դատապարտված են, նրանք կդառնան իզգոյ պետություններ և տնտեսապես կռախի առաջ կկանգնեն: Իրավիճակը փոխվելու է նաև Հայաստանում, որը կապված է այդ ամենից: Եվ եթե մեր ժողովուրդը կարողանա համախմբվել և արագացնել այդ գործընթացները, մենք ավելի շահած դուրս կգանք այդ ամենից և ավելի հզոր կլինենք: Հարևան Վրաստանի օրինակը դրա վառ ապացույցն է, որ ուղիղ քայլերով գնում է դեպի իր երազանքը: Ամբողջ աշխարհում հիմա այդ պրոցեսն է գնում՝ ինքնիշխանություն: Եվ եթե Հայաստանը չամրապնդեց իր ինքնիշխանությունը և ընդունեց վասալի դերը, ապա Հայաստանը դատապարտված է պետականության կորստի: Եվ «Սասնա ծռերը» դրա համար են ոտքի կանգնել, և նրանց աջակցողները դրա համար են աջակցում: Բոլորն իրենց սրտում ընդունում են ճիշտ «Սասնա ծռերին», այն մարդկանց, ովքեր պայքարում են հանուն հայ մարդու արժանապատվության, հանուն ՀՀ պետականության: Ուղղակի պահը կգա, և այդ մարդիկ իրենց աջակցության ձևը կգտնեն, և եթե հնարավոր եղավ համախմբում, ապա Հայաստանը դուրս կգա այս իրավիճակից:
–ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանն օրերս իր հարցազրույցում ասել էր, որ շարունակելու է պայքարը իշխանափոխության համար, որ ֆորս-մաժորը բացառված չէ: Նրա առաջնորդությամբ արդյո՞ք պատկերացնում եք ուժեղ բևեռի ձևավորում և համագործակցություն:
-Լավ է, որ մարդիկ ցուցաբերում են մտահոգություն և ցանկանում են պայքարի մեջ մտնել, բայց պետք է ժողովրդական համախմբում, այսինքն՝ պետք է բոլոր ուժերը համախմբվեն: Եվ գտնում եմ, որ բոլոր ուժերը, որոնք մտահոգված են Հայաստանի համար, պետք է անպայման համախմբվեն, և ոչ ոք իրավունք չունի ասելու՝ այս ուժը կարող է միանալ, մյուսը՝ ոչ: Այսինքն՝ հավատաքննիչի դերը ոչ մեկիս տրված չէ:
-Հուլիսյան այդ օրերին նաև մեղադրանքներ հնչեցին Սեյրան Օհանյանի հասցեին, նշվեց 800 հեկտարի կորուստը:
-Հիմա հարցը պարզելու համար պետք է լսել բոլոր կողմերին, նաև այն մարդուն, ում հանդեպ այդ մեղադրանքները հնչում են, և բոլոր մեղավորներն էլ պետք է դրա պատասխանը տան և պատժվեն: Բայց այս պահին կոնկրետ անձերին չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել, ինձ համար ամենակարևորը համախմբումն է, և դա է երկիրը հանելու բարոյական, տնտեսական, քաղաքական ճգնաժամից: Ժողովուրդը իմաստուն է, բոլորը գիտեն՝ ով ով է:
-Կարծում եք՝ ֆորս-մաժորն անխուսափելի՞ է:
-Ֆորս-մաժոր ամեն րոպե, ցանկացած պահի հնարավոր է: Նման խորը հակասությունների մեջ գտնվող երկրում ցանկացած մի իրադարձությունից կարող է ֆորս-մաժոր լինել, էլ չեմ ասում աշխարհում պրոցեսները, մեղմ զեփյուռը աշխարհում կարող է փոթորիկ առաջացնել Հայաստանում: Հայաստանն այն անկայուն երկրների թվին է պատկանում, որտեղ ժողովուրդն ատում է իշխանություններին, իշխանությունը՝ ժողովրդին: Ինչպես կարող ենք մենք չսպասել ֆորս-մաժոր այսպիսի երկրում: Եվ միայն ու միայն մտածել սեփական իշխանության և սեփական գրպանի մասին, ուրախանալ և հրճվել դրանով, միայն ու միայն գավառամտություն է, ուրիշ ոչինչ:








































