Իրանի նախագահ Հասան Ռուհանին անհրաժեշտ է համարում, որպեսզի Մերձավոր Արևելքի բոլոր պետությունները վերացնեն զանգվածային ոչնչացման զենքի իրենց պաշարները: Այս մասին նա հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք հանդիսանում ենք այն երկրներից մեկը, որոնք հանդես են գալիս հօգուտ խաղաղության, կայունության և ողջ տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքի վերացման»,- նշել է Ռուհանին: «Մենք ոչ մի պարագայում չենք փորձել զանգվածային ոչնչացման զենք ստանալ, այդ թվում՝ միջուկային ռումբ, և երբեք չենք փորձի»,- ընդգծել է նա և հավելել, որ իրենք հետաքրքրված են միայն միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով կիրառելով:
Ռուհանին ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե կարո՞ղ է Իրանը երաշխավորել, որ Սիրիան լիովին կհրաժարվի իր քիմիական զենքից: «Մենք սիրիական կառավարությունը չենք»,- ասել է նա:
Հարցին՝ Սիրիային հարվածելու որոշումից Օբամայի հրաժարվելը չի՞ համարում թուլության դրսևորում, Ռուհանին նշել է, որ հակառակը՝ թուլության դրսևորում կլիներ պատերազմ սանձազերծելը:









































