Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ ծրագրված էր հունիսի 12-ին, հետաձգվել է և հավանաբար կկայանա հունիսի 20-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Այո՛, հանդիպումը հետաձգվում է, այն հավանաբար կկայանա հունիսի 20-ին»,- ասել է Բոգդանովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին: «Առանձին մանրամասներ ճշտելու, Աստանայի հանդիպման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը նախապատրաստելու մեծ աշխատանք է կատարվում»,-հավելել է փոխնախարարը:
«Ուստի մենք, հաշվի առնելով այն շփումները, որոնք անցկացրել ենք հուշագրի մյուս երկու երաշխավորների, այսինքն՝ Թուրքիայի և Իրանի հետ, և, բնականաբար, մեր ղազախստանցի գործընկերների հետ համաձայնեցմամբ, առաջարկել ենք (Սիրիային նվիրված) հանդիպումը հետաձգել հունիսի 20-ին»,-հայտնել է Բոգդանովը։







































