Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանն այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքն անցել է «Ալ-Քաիդայի» գրոհայինների վերահսկողության տակ: Քաղաքը գտնվում է Հալեպից 35 կմ հեռավորության վրա:
«Ալ-Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» ահաբեկչական խմբավորման մոտ 300 անդամներ չորեքշաբթի հարձակվել էին «Հյուսիսի փոթորիկ» բրիգադի վրա, որը մտնում է հակակառավարական՝ Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ, և դուրս էին մղել նրան սահմանային քաղաքից: Մարտերի ժամանակ զոհվել է 6 գրոհային:
Սիրիայի ազատ բանակն ու «Ալ-Քաիդայի» տարածաշրջանային բջիջները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերջին շրջանում հաճախ են միմյանց հետ հարաբերություններ պարզում:











































