Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման Գործակալության միջոցով մեր կառավարությանը օժանդակելու համար 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:
Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2012թթ. ընթացքում ստորագրվել են այդ համաձայնագրի փոփոխություն թիվ 1-ը, փոփոխություն թիվ 2-ը և փոփոխություն թիվ 3-ը: Համաձայնագրի ներքո ստացված ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 33 մլն 296 հազար 870 դոլար: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:
Սակայն, համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին: Ներկայումս ԱՄՆ ԶՀԳ-ի կողմից ստացվել է համաձայնագրի փոփոխություն թիվ 4-ի նախագիծը, որը նախատեսում է մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը ևս 10 մլն 408 հազար 617.82 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 43 մլն 705 հազար 488.18 ԱՄՆ դոլար: Հարցը ներառված է Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:











































