Սպայի տանն այսօր կայացավ ‹Ճանաչենք նրանց› խորագրով միջոցառումը, որն իրականացվում է երիտասարդների և ազատամարտիկների միջև կապն ամրապնդելու համար: Հանդիպման նպատակն այս անգամ ոչ միայն ազատամարտիկների և երիտասարդների հանդիպումն էր, այլև «Գևորգյան մարտարվեստի դպրոցում» մարտարվեստի վարպետ, արևելյան բժշկության մասնագետ Լևոն Մոսինյանի անվան սրահի բացումը:
Ներկաների հետ զրույցում «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը՝ նույն ինքը՝ Արամոն, խոսելով ազատագրական պայքարից, ասաց, որ 88-ին հայ ժողովուրդը համախմբվածություն ունեցավ, և քաղաքական պայքարը փոխվեց ռազմականի, մարդիկ կողք կողքի կանգնեցին, ստեղծեցին տարբեր ջոկատներ. «88 թվին մենք հաղթանակի ճամփին անգամ հարվածեցինք ռուսական զորքերին, ջլատեցինք ադրբեջանական հրոսակախումբը, որի նպատակը նույնն էր, ինչ օսմանյան թուրքինը: Արցախյան ազատամարտն ամբողջ հայ ազգի պատերազմն էր, ամբողջ աշխարհի դեմ պատերազմեցինք, բոլորն էին կռվում մեր դեմ, էս անգամ չունենք զիջելու, չունենք տալու ոչինչ: Հավերժ փա՛ռք իմ ընկած ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր սուրը պատյան չեն դրել»:
Ազատամարտիկները պատասխանեցին նաև երիտասարդների հարցերին, որոնց հուզող հիմնական հարցն այն էր, թե ինչպես հաջողվեց մեզ հաղթել պատերազմում, եթե չունեինք բավարար սպառազինություն:
Նշենք նաև, որ մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին հուշամեդալներով և պատվոգրերով:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































