Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են արել Սերժ Սարգսյանի կառավարական ամառանոցի ճանապարհին: Նրանց հաջողվել է զրուցել Սերժ Սարգսյանի հետ:
Ֆիրդուսի թաղամասի բնակիչները պահանջում են իրենց տները, որոնք հանրային գերակա շահի շրջանակներում քանդվել են:
Ֆիրդուսի բնակիչների խնդիրը կլուծվի, թե ոչ՝ պարզ չէ, համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանը կատարելապես անտեղյակ է եղել խնդրին, և կասկածելի է, որ պետական մարմինները որակով կատարեն նրա հանձնարարականները, եթե այսպիսիք, իհարկե, լինեն: Ըստ ամենայնի, ունեզրկված և իրավազրկված այս մարդիկ նույնիսկ արհամարհվելու են Սարգսյանի կողմից, որովհետև նախագահը նաև հանդիմանել է նրանց՝ ասելով, թե ինչո՞ւ են տարածք հրավիրել լրագրողներին:
Առաջին անգամը չէ, որ Սերժ Սարգսյանը լրագրողներին մեղադրում է երկրում ստեղծված վիճակի համար՝ նրանց համարելով երկրում ձևավորված գաղջ մթնոլորտի պատասխանատու:
Բռնապետներին, ավտորիտար կառավարմանը բնորոշ գործելաոճ է, և այս հարցում Սարգսյանը եզակի չէ: Նրա նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրեց ոչ թե իր մարդասպան թիկնապահին, ով սրճարանի զուգարանում գազանաբար սպանեց անմեղ մարդու, այլ հալածեց այն լրագրողին, ով հանդգնել էր բարձրաձայնել այդ մասին: Վլադիմիր Պուտինն իր չեկիստական հոտառությամբ բոլոր քննադատների ու առաջին հերթին՝ լրագրողների մեջ տեսնում է Արևմուտքի «ագենտների»: Իլհամ Ալիևը ուզում է հավերժացնել իր ընտանիքի իշխանությունը և այդ փաստը բարձրաձայնող, մերկացնող լրագրողներին բանտարկում է, անգամ իսկ չի խորշում ադրբեջանցի լրագրողի առևանգում կազմակերպել հարևան Վրաստանի մայրաքաղաքում: Պոպուլիստ Թրամփը կարծում է, որ իր ցածր վարկանիշի պատճառը ոչ թե իր «հանճարեղ» քաղաքականությունն է, այլ այն լուսաբանող լրագրողները, ու սահմանափակում է նրանց ելումուտը Սպիտակ տուն, Թվիթերով «պատերազմ» է հայտարարում առաջատար ԶԼՄ-ներին:
ԶԼՄ-ներն ընդամենը հայելի են, որոնք արտացոլում են իրականությունն իր լավ ու վատ կողմերով, պերճանքով ու թշվառությամբ: Եթե պետությունների ղեկավարներն այդ հայելու մեջ տեսնում են իրենց այլանդակ և անդուր դեմքերը, դրանում հայելին որևէ մեղք չունի: Եթե անգամ հայելին կոտրեն, ջարդեն, ապա դրանից երևելիների դեմքերն ավելի բարետես ու դուրեկան չեն դառնա:
Լուսանկարը՝ armtimes.com-ի









































