ԱՄՆ-ը անհապաղ հրաժարվում է ՄԱԿ-ի կլիմայական Կանաչ հիմնադրամը ֆինանսավորելուց։ Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցում հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Սկոտ Պրյուիտը։
Մեկնաբանելով կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը՝ նա պարզաբանել է, որ դրված այնպիսի նպատակները, ինչպիսին է 26-28 տոկոսով ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, անհաղթահարելի են։ Պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Կանաչ հիմնադրամում ներդրել է 3 մլրդ դոլար։
Նրա խոսքով՝ նախագահի վարչակազմը ներկայում Արդարադատության նախարարության հետ քննարկում է Փարիզյան համաձայնագրից պաշտոնապես դուրս գալու հետագա քայլերը, և վերջնական դուրս գալը կտևի մի քանի շաբաթ։ «Սակայն ինչ վերաբերում է Կանաչ հիմնադրամին, ապա դա տեղի կունենա հենց հիմա»,-հայտնել է Պրյուիտը։
Կլիմայական Կանաչ հիմնադրամը ստեղծվել է որպես Փարիզյան համաձայնագրի իրագործման գործիք։ Դրանում մասնակից երկրները համաձայնել էին մինչ 2020 թվականը ներդնել 100 մլրդ դոլար։








































