Այսօր Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր անցյալ տարի Լոռու մարզի «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով առաջին դատական նիստը: Դատաքննությունն այդպես էլ չսկսվեց՝ դատարան ամբաստանյալներից Արտակ Վերանյանի չներկայանալու հիմքով, ով կալանքի մեջ է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Նրա բացակայության պատճառներն այդպես էլ չհստակեցվեցին:
Արտակ Վերանյանից բացի, փաստաբանի սպանության մեջ մեղադրվող Արեն Վերանյանի ու Սամվել Դիլոյանի մասնակցությունն ապահովված էր դատարանում, բայց քանի որ բոլոր ամբաստանյալների մասնակցությունն է պարտադիր դատական նիստին, դատավոր Նարինե Հովակիմյանը որոշեց հետաձգել գործի քննությունը:
Սպանված փաստաբանի քույրը` Հասմիկ Շարբաթյանը, դատարանում ի լուր բոլորի հայտարարեց. «Ես եմ տեսել` ինչ են արել, ինչի՞ չեն ներկայացնում հանրությանը։ Մի հատ նկարը թող ցույց տան` ինչ են արել, ինչի՞ չեն ցույց տալիս։ Հոշոտել են, հոշոտել` երեքով մեկին: Ես սրանց մորթելու եմ` ով կապված է էդ գործի հետ, մորթելու եմ»:
Ամբաստանյալներ Արեն Վերանյանի և Սամվել Դիլոյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանի խոսքերով` իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը, և պաշտպանական կողմը պայքարելու է նրանց արդարացման համար: «Իսկ թե ինչ ընթացքով, ինչ խախտումներով, ինչ սկզբունքով է աշխատել քրեական հետապնդման մարմինը, դուք բոլորդ ներկա կլինեք, հրապարակային դատաքննություն է, ականատես կլինեք և կտեսնեք ինքներդ»,-նշեց փաստաբանը:
Արտակ Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանի խոսքերով` իր պաշտպանյալի արարքն էլ իրավաբանորեն սխալ է որակված: Դատական նիստը վերանշանակված է հոկտեմբերի 4-ին` ժամը 11.30-ին:







































