Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորել է Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև անհանդուրժողականության, ժխտողականության ու ռասիզմի՝ ժողովրդավարության հետ անհամատեղելիության խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը և ուժի դիրքերից խոսելու Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը եղել և մնում է ԼՂ հիմնախնդրի և ցանկացած կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական կարգավորման կողմնակից:
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան հավաստիացրել է, որ Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այնպես էլ ներքին բարեփոխումների շարունակականությունն ու առաջընթացն ապահովելու հարցում:










































