Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվել է առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի կյանքում պատմական այս իրադարձությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մոսկվա ժամանած թեմակալ առաջնորդներ և բարերար հայորդիներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Արարողությանն իր մասնակցությունն է բերել նաև Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականության ուղեկցությամբ:
Հանդիսավոր արարողությունը սկսվել է հանդիսավոր թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդարանից եպիսկոպոսների, Մայր Աթոռի միաբանների և թեմի քահանայից դասի կողմից առաջնորդվեց դեպի նորակառույց սուրբ տաճարը: Օրհնելով ներկա բազմահազար հայորդիներին` Վեհափառ Հայրապետը բարձրացավ խորան, ուր սկսվեց շքեղակառույց առաջնորդանիստի օծման արարողությունը:
Եկեղեցու օծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը և արարողությանը մասնակից հայորդիներն ու հյուրերն այցելել են առաջնորդարանի դահլիճում բացված «Հայերը Մոսկվայում. պատմական ուղի» ցուցահանդեսը, շրջել են նորաբաց համալիրի կառույցներում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը կատարել են բացումը համալիրի տարածքում գտնվող Սիրո և եղբայրության հուշաղբյուրի` նվիրված հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը:
Լուսանկարները` PanARMENIAN Photo-ի







































