Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր քաղաքականապես ոչ մոտիվացված է համարել ռուսաստանցի հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու գործը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում անելով դատարանի հաղորդագրությանը:
Միաժամանակ Ստրասբուրգի դատարանը նշել է, որ Խոդորկովսկու ձերբակալությունը և կալանքի տակ պահելն իրականացվել են օրենքի կոպիտ խախտումներով: Դատարանը որոշում է կայացրել 10 հազար եվրո փոխհատուցում գանձել Ռուսաստանից՝ հօգուտ Խոդորկովսկու: Բացի այդ, Ռուսաստանը պարտավոր է հոգալ դատական ծախսերը, որ կատարել է Խոդորկովսկին 14.5 հազար եվրոյի չափով:
Այս գործը Խոդորկովսկու ներկայացրած 4 հայցերից առաջինն է, որը ներկայացվել էր դեռ 7 տարի առաջ:
Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը ձերբակալվել են 2003 թ. «ՅՈՒԿՈՍ» ընկերության հետ կապված խարդախության տարբեր գործերի պատճառով: Խոդորկովսկու կողմը և իրավապաշտպանները նրանց գործը քաղաքական են համարում:









































