Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությանը, նշեց, որ թեև այդ հարցը բոլոր կողմերից վերլուծվել է, բայց մինչև մայիս ամիսը, մինչև Մաքսային միությանն անդամակցության ժամկետը, նորանոր հանգամանքներ ի հայտ կգան:
Նա նշեց, որ մինչև այսօր այդպես էլ համապարփակ պատասխան չտրվեց, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին և ինչու:
Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կորցրած հնարավորություն է. «Բոլորի համար պարզ է, որ մտնելով Մաքսային միության շարքերը՝ Հայաստանը կորցնում է Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիրը և այն հնարավորությունները, որ Հայաստանն ունենալու էր համապարփակ առևտրի դեպքում, դժվար է հաշվել»,- ասաց նա:
Եվրոպական միության անդամ երկրները, նրա դիտարկմամբ, լավագույն դեպքում մեզ խղճում են, թե ինչ թույլ ենք մենք, և թե ինչպես է Ռուսաստանը ճնշում մեզ:
Նա նշեց, որ Եվրոպառլամենտը բանաձև է ընդունել, որում դատապարտում է Ռուսաստանին՝ ԱՊՀ երկրների վրա ճնշում գործադրելու համար:
«Հարց է ծագում՝ արդյոք Հայաստանի վրա ճնշում գործադրվե՞լ է: Այս հարցի պատասխանը կարող է տալ Սերժ Սարգսյանը, որովհետև միայն ինքն է լռում՝ ի՞նչ է խոսել Պուտինի հետ, ի՞նչ ճնշում է գործադրվել Հայաստանի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ճնշումը տնտեսական լինել չէր կարող, քանի որ Ռուսաստանն ինչ ուզում էր՝ ստացել է. թե՛ գույք պարտքի դիմաց, թե՛ երկաթգիծ, թե՛ կապի միջոցներ:
Փորձագետը Պուտինի կողմից քաղաքական սպառնալիք էլ չի տեսնում, քանի որ Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանը: Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Հայաստանը լռում է: «Մնում է ԼՂՀ սպառնալիքները: Այլ հարց է՝ արդյոք դաշնակից պետությունը կարո՞ղ է անվտանգության սպառնալիք ներկայացնել, այն պարագայում, երբ Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք է վաճառվել:
Մի՞թե, ըստ բանախոսի, Ս. Սարգսյանի մի փաստաթուղթ ստորագրելը չեզոքացրեց այս սպառնալիքը:
«88-93 թթ. մենք լուծում էինք Ղարաբաղի հարցը, բոլորը լուծում էին Ղարաբաղի հարցը, չկար որևէ քաղաքական ուժ, որ ներգրավված չլիներ: Սերժ Սարգսյանը այս դեպքում ինչպե՞ս միանձնյա որոշում կայացրեց»,-հավելեց նա:
Անդրադառնալով Մաքսային միությանը՝ բանախոսը նշեց, որ տնտեսություն կառավարելը սովետական հին ձև է, երբ դու գնում ես Ռուսաստան, որտեղ ատկատ ես ստանում, քեզ թույլ են տալիս այդ ապրանքը բերել Հայաստան: Եվ հենց սրան, ըստ նրա, որոշ օլիգարխներ լավ տիրապետում են, մինչդեռ ՀՀ-ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում քաղաքակիրթ ազատ շուկայական հարաբերությունների դաշտ ենք դուրս գալիս: Այսօր, սակայն, Հայաստանը համարվում է անվստահելի գործընկեր:
Այսօր կարևոր է՝ քեզ չարհամարհեն, ինչպես չեն արհամարհում Մոլդովային:
Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Եվրպական միությունը աշխատում է բոլոր երկրների հետ ունենալ պայմանագրեր: Հայաստանի դեպքում Ասոցացման պայմանագիրն այսօր Եվրոպական Միության հետ ամենաբարձր պայմանագիրն էր, որը ներառում էր տնտեսության զարգացման հնարավորություն: Հիմա Հայաստանը հետ կգա տասնհինգ տարի առաջ, Հայաստանը կստորագրի ընդհանուր դեկլարացիաներ՝ ժողովրդավարության, ազատ խոսքի և այլն:











































