Արդեն ակնհայտ է, որ նոր կառավարությունն ըստ էության լինելու է հնի կրկնությունը: Նոր կաբինետում չեն լինի ԱԺ տեղափոխված Արփինե Հովհաննիսյանը և, ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանը, ինչի վկայությունն է, թերևս, այն, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով:
Այս ֆոնին բավականին ուշագրավ է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեկվա պնդումը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է մայիսի 18-ին վարչապետ վերանշանակել Կարեն Կարապետյանին, քանի որ այդ որոշման համար չի խորհրդակցել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչը պատգամավորի պնդմամբ՝ պարտադիր պահանջ է։
Ֆորմալ առումով Մարուքյանը գուցե իսկապես ճիշտ է, սակայն նրա հարցադրումը և խոստումն այս հարցը հետևողականորեն հետապնդելու մասին որևէ աղերս չունեն ոչ միայն իրական քաղաքականության, այլ նաև այն բովանդակային բաղադրիչի հետ, որը հասարակությունն ակնկալում է նոր ընդդիմությունից:
Նախ՝ նույն քաղաքական տրամաբանությունն անիմաստ է դարձնում մյուսների հետ խորհրդակցելը, եթե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ունի կայուն մեծամասնություն և, ըստ էության, լեգիտիմացված է վարչապետ ունենալու նրա իրավունքը: Էլ չեմ ասում, որ օրը մեջ «նախագահ ջանի» հետ «խորհրդակցում» է Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ պետք է խորհրդակցեր «Ելքը» Սերժ Սարգսյանի հետ՝ Կարեն Կարապետյանի «հմայիչ ժպի՞տը», նրա թանկարժեք հագուկա՞պը, անեկդոտնե՞րը, թե՞ լուրջ որևէ բան, որի մասին չի բարձրաձայնվում:
Մյուս կողմից՝ ինչքանո՞վ է տրամաբանական բարձր նոտայով բոյկոտել Սարգսյանի ներկայությունը խորհրդարանում, հետո հերսոտել, թե վերջինս խախտել է «Ելքի» «խորհրդակցվելու» իրավունքը: Արդյո՞ք դաշինքում լրջորեն քննարկվել է այն նոր իրականությունը, որ ստեղծվել է երկրում, որտեղ համակարգային փոփոխությունների քողածածկույթով հաստատվում է «գենսեկի» իշխանություն: Մի փոքր կասկածում եմ, որ տեղի է ունեցել խորքային քննարկում, հակառակ պարագայում անիմաստ մասնակցությամբ քաղաքականապես չէր լեգիտիմացվի «գենսեկի ստվերի» ընտրությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում:
Խորհրդային կառավարման ռեստավրացիայի ֆոնին ընդդիմությունն ունի մի քանի լուծումներ կամ ելքեր՝ ինչպես կասեին համանուն դաշինքում: Ֆորմալիզմը՝ ընդդիմախոսության այն ճանապարհը, որ ընտրել է «Ելքը», և դրա հակառակ դրսևորումը` դիսիդենտությունը, որը փորձում է վերակենդանացնել Զարուհի Փոստանջյանը, իրականում ելքեր չեն և տանում են փակուղի:
Իդեալական կլիներ, որ առաջիկա մեկ տարում ընդդիմությունը կարողանար ձևավորել արդյունավետ, կրեատիվ համակարգ` 2018-ի իշխանության ձևավորման հարցը վերադարձնելով հասարակության իրավունքի դաշտ: Այս հեռանկարը, սակայն, լավատեսություն չի ներշնչում, որովհետև հասարակությունը, մեծ հաշվով, ինքնակամ «բացակա» է գրվել` հենց արդյունավետ ընդդիմության բացակայության հետևանքով:
Իհարկե, 2018-ով կյանքը չի ավարտվում, և արդյունավետ այլընտրանքային համակարգի ստեղծումը պետք է առաջնահերթություն մնա ընդդիմության օրակարգում: Տարբերակ է նաև, երբ ընդդիմությունը մասնակցում է ներհամակարգային պայքարին: Բայց այդ մասնակցությունը գոնե միտված պետք է լինի «որոշողների» ցանկի ֆիզիկական և որակական կազմի ընդլայնմանը: Այլ խոսքով՝ համակարգը կամ դրա սեգմենտները պետք է շահագրգռված լինեն ընդդիմության «թարմ արյունով», ինչը տեսականորեն կարող է նպաստել իշխանության որակի դրական փոփոխությանը:
Իսկ այս դեպքում մի հրամանագրի օրինականության վիճարկումը ոչինչ չի տալիս, ընդամենը ոչ լեգիտիմ կարգավիճակում է դնում Կարեն Կարապետյանին՝ ավելի ընդգծելով նրա համակարգային պատկանելությունն ու ստորադասությունը «գենսեկ» Սերժ Սարգսյանի նկատմամբ: Գուցե սրա մասին «Ելքում» չեն մտածել, բայց ակամայից նոր հաղթաթուղթ են տվել Սարգսյանի ձեռքին:
Լուսանկարը՝ Panorama.am-ի








































