Ամերիկյան Warner Brothers ընկերությունն այլևս չի նկարահանելու հայտնի Բեթմենի մասին ֆիլմեր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը:
Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը հիմա նկարահանում է Բեթմենի մասին վերջին ֆիլմը, որը կոչվելու է «Սև ասպետի հարությունը»։ Այն կթողարկվի 2012 թ. հունիսին: Գլխավոր դերը կխաղա օսկարակիր Քրիստիան Բեյլը:
Նկարահանումներն իրականացվելու են միանգամից երեք մայրցամաքներում՝ ամերիկյան Փիթսբուրգում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում, ինչպես նաև Հնդկաստանում, Անգլիայում և Շոտլանդիայում: Տեղեկացնենք նաև, որ Բեթմենի մասին կոմիքսները սկսել են լույս տեսնել դեռ 1940-ականներից: Հաղորդվում է, որ Բեթմենի մասին նախորդ երկու ֆիլմերը նրա հեղինակներին բերել են 1.3 մլրդ դոլար:







































