Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ քննվում է Նորայր Ալեքսանյանի գործը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հուլիսի 22-ին, ժամը 12-ի սահմաններում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրի դատական նիստերի դահլիճում 34-ամյա Նորայր Ալեքսանյանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Ալվարդ Հարությունյանի հետ: Վիճաբանության ընթացքում նա հենց դատարանում ծեծի է ենթարկել Ալվարդին ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նորայր Ալեքսանյանը Մասիսի դատարանում հուլիսի 22-ին ներկա էր որպես ամբաստանյալ: Այնտեղ քննվող գործը դռնփակ կարգով էր ընթանում:











































