Արքայազն Ուիլյամն իր ընկերոջ՝ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և նախկին բասկետբոլիստ Յաո Մինի հետ մասնակցում է վայրի կենդանիների ապօրինի վաճառքի դեմ պայքարի զանգվածային նախագծին: Այս մասին հաղորդում է THR-ը:
Քարոզարշավը կսկսվի սոցիալական գովազդից՝ հայտնի եռյակի մասնակցությամբ: Այս հինգշաբթի Լոնդոնում գտնվող ստուդիայում Ուիլը, Դևիդը և Յաոն մասնակցել են գովազի նկարահանումներին, որը նվիրված է վայրի կենդանիների, ինչպես նաև փղոսկրերի և ռնգեղջյուրների եղջյուրների ապօրինի վաճառքի հետ կապված խնդիրներին: Նշվում է, որ տեսահոլովակը կցուցադրվի ամբողջ աշխարհում՝ որպես Wild Aid հիմնադրամի և Royal Foundation United for Wildelife արքայական հիմնադրամի զանգվածային քարոզարշավի մի հատված։ Վերջինս գործում է արքայազներ Ուիլյամի և Հարիի հովանավորության ներքո:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Wild Aid-ի գործադիր տնօրեն Փիթեր Նայթը վայրի բնության պաշտպանությանը նվիրված համաժողովի ժամանակ հանդիպել էր արքայազն Ուիլյամի հետ: Նրանք քննարկել էին վայրի կենդանիների ապօրինի վաճառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը, իսկ արքայազնը առաջարկել էր այս գործում ներգրավել նաև Բեքհեմին:
«Երբ իմացա Աֆրիկայում որսագողության ներկայիս մակարդակի մասին, ես անմիջապես համաձայնեցի մասնակցել այդ քարոզարշավին»,- ասել է Բեքհեմը:














































