Նրան ողջունեցին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ անգամ Գարեգին Բ Կաթողիկոսը, և թեև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր հերթին ողջունեց, նշեց, որ Սբ. Էջմիածինը պատկանում է ամբողջ հայությանը, Հայաստանը պատկանում է ամբողջ հայությանը, մեր հայրենիքը մեկ է, մեր Եկեղեցին մեկ է, մեր մշակույթը մեկ է, որովհետև մեր ժողովուրդը մեկ է, և որ այս միասնական ոգին մենք պետք է ավելի ամրապնդենք, այս ամենը ոչ այլ ինչ է, քան պարզապես հարաբերություններում ձևական, ֆորմալ կողմի ապահովում: Իսկ հենց այն փաստը, որ Արամ Ա Կաթողիկոսը մեկօրյա այց է կազմակերպել` վառ վկայությունն է այն բանի, որ առանձնապես անելիքներ չունի Հայաստանում, և հենց Ցեղասպանության թեման է նրան Երևան բերել:
Դեռ 1441-ին, երբ որոշվեց կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխել, այսինքն` այն պահից, երբ ըստ էության կաթողիկոսության կենտրոնացումը տեղափոխվեց Արևելյան Հայաստան, այդ պահից սկսած երկու կաթողիկոսությունների միջև հարաբերությունները բարդացան: Դեռ այն ժամանակ, երբ Գրիգոր Թ. Մուսաբեկյանը հրաժարվեց Մայր Աթոռին գահակալելուց, 1441թ.-ի մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների արդյունքում Էջմիածնում կաթողիկոս հռչակվեց Կիրակոս Վիրապեցին:
Ինչպես նկատում է կրոնագետ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը, Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների հարաբերությունները սրվեցին 1950-ականներից հետո, այսինքն` այն պահից, երբ Էջմիածինը փորձեց միջամտել այնտեղի ընտրություններին, իսկ քանի որ Կիլիկիո Աթոռը բավականին անկախ է, Կիլիկիո Աթոռն այն համարեց միջամտություն իր ներքին գործերին և մերժեց Էջմիածնի դերակատարումը այս հարցում: Հարաբերություններ փաստացի գոյություն չունեին մինչև 88 թվականի երկրաշարժը, ինչն էլ որոշակիորեն սառույցի հալոցքի սկիզբ դարձավ:
Գարեգին Երկրորդ Սարկիսյանը եկավ Էջմիածին և Վազգեն Առաջինի հետ լավ հարաբերությունների մեջ մտավ: Մինչև 94 թվականը` Վազգեն Կաթողիկոսի մահը, երկու աթոռների միջև բավականին լավ հարաբերություններ էին հաստատվել: Գարեգին Կաթողիկոսը տասն անգամից ավել այցելել է Հայաստան: 94-ից հետո Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսը քաղաքական իշխանության հովանավորությամբ (կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով) դարձավ Հայոց Կաթողիկոս` 95-99թթ., մինչև իր մահը, չնայած ընտրություններն էլ ցույց էին տալիս, որ ամենաշատը հաղթելու հավանականություն ուներ ոչ թե ինքը, այլ այսօրվա Կաթողիկոսը:
Այդ ընթացքում հարաբերությունները Կիլիկիո Աթոռի հետ եղել են նորմալ, սակայն Անթիլիասից նրա գալով հակասությունները, քանի որ շատ խորն էին, չվերացան, ու չնայած Կիլիկիո կաթողիկոսը դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Էջմիածնի Աթոռի և Կիլիկիո Աթոռի հարաբերությունները, արդեն իսկ այնքան լավ չէին:
Այնուամենայնիվ, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, Արամ կաթողիկոսի և Գարեգին Ա-ի միջև խորը կոնֆլիկտներ չեն եղել, բայց արդեն նրա մահից հետո` 99-ից հետո, կաթողիկոս դարձած Գարեգին Երկրորդի հետ հարաբերությունները իներցիոն ուժով շարունակում էին նորմալ մնալ, մինչև 2004 թվականը, երբ Կիլիկիո Աթոռը Կանադայում թեմ բացեց, ինչը Էջմիածինը որակեց իբրև իր դեմ ուղղակի ոտնձգություն, և այդ կապակցությամբ հոգևոր խորհրդի նիստ գումարեց և դատապարտեց այդ որոշումը: Այսպիսով, հարաբերությունները մտան շատ վատ փուլ: 2004-ից այս կողմ, թեև ինչ-որ տեղ Կիլիկիո Աթոռի հրահրումով սկսվեց, բայց երկու կողմերից էլ դրսևորվեց շատ լուրջ անհանդուժողականություն, և մինչև օրս այդ վատ հարաբերությունները շարունակվում են: Հիմա առավել շատ են խոսում հարաբերությունների վատթարացման մասին, և որևէ կերպ չի նշմարվում դրա լուծումը:
Հովհաննես Հովհաննիսյանը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ Կիլիկիո Աթոռը ուղղակիորեն գտնվում է Դաշնակցության ազդեցության տակ, կարելի է ասել դաշնակցական աթոռը կողմ չէ, որ Կիլիկիո կաթողիկոսության ինքնուրույնությունից որևէ նշույլ կորի, և այն մտնի Էջմիածնի իրավասության ներքո: Այսինքն` Դաշնակցությունը միշտ փորձում է պահել Կիլիկիո աթոռի անկախությունը, սակայն հանրային դիսկուսում այսօրվա Էջմիածնի Աթոռը դիտարկվում է մեր իշխանության ներքո, Կիլիկիո Աթոռը` Դաշնակցության իշխանության ներքո: Այսօր էլ, երբ Դաշնակցությունը իրեն հռչակել է ընդդիմություն, կրոնագետի խոսքերով, այդ հարաբերությունները ավելի են խորացել, քան նախկինում էին, չնայած դա երբեմն պայմանավորված է լինում քաղաքական գործոնով, երբեմն էլ` զուտ հոգևորականների միջև անձնական հարաբերություններով:
Այսօր էլ պրոբլեմը շարունակում է մնալ ակտուալ և լրջորեն ազդել հատկապես մեր ազգային միասնության վրա և դրանով հանդերձ ազգային անվտանգության վրա սփյուռքում: Բայց այնպես չէ, որ Կիլիկիո կաթողիկոսարանը սփյուռքի համար է ստեղծվել, Էջմիածինն է Ամենայն Հայոց կաթողիկոսությունն և միշտ եղել է բոլոր հայերի համար, խնդիրը նրանում է, որ այդ Կիլիկիո կաթողիկոսությունն է փորձում այդպես մեկնաբանել և շատ հաճախ տարբեր հոդվածներով իրենց ներկայացնում են որպես Ցեղասպանությունից հետո վտարանդի Աթոռ, իսկ քանի որ կա անկախ Հայաստանի Հանրապետություն թող Էջմիածնի Աթոռը զբաղվի ՀՀ-ով: Այս մոտեցումը ընդհանրապես դուր չի գալիս Էջմիածնի Մայր Աթոռին. երբ այսպիսի բան են ասում, Էջմիածնի Աթոռը բոյկոտում է, որովհետև իր հիմնական ֆինանսները սփյուռքից են գալիս, և այդ բաժանումը արհեստական է համարում:
Այս խնդիրը, Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, կլուծվի միայն մի պարագայում, երբ քաղաքական իշխանությունը մեծ տեղ տա խնդրի լուծմանը, չնայած այսօր իշխանությունը դրսում լուրջ աջակցություն չունի, ինքը պետք է ճշնում գործադրի Դաշնակցության վրա, բայց Դաշնակցության դրսի հատվածը շատ չի էլ ենթարկվում ներսի հատվածին, այնպես որ` պետք է նա կարողանա աջակցություն գտնել դաշնակցական դրսի ուժերի կողմից, և իշխանությունը ուղղակի պետք է միջորդի դեր կատարի երկու աթոռների միջև: Չպետք է չոր միջամտի այդ գործերին, այլ պետք է կարողանա ապացուցել, որ ազգային և պետական նպատակները վեր են դասվում, հորդորի Հայաստանի Հանրապետության հզորացման և բարգավաճման շուրջ միավորել իրենց ջանքերը` վեր կրոնական խնդիրներից: Միայն այդ նպատակների շուրջ կարելի է այդ երկուսին հաշտեցնել:
Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի մեկօրյա այցը, կրոնագետի մեկնաբանությամբ, ցույց է տալիս, որ օրակարգում երկու աթոռների միջև հարաբերությունների կարգավորման խնդիր դրված չէ, այցը զուտ այն շրջանակներում էր, որ ներկայացվեց մամուլում, այսինքն` Ցեղասպանության տարելիցից այն կողմը հարցը չի անցել:









































