Gallup-ը International association-ի հայաստանյան ներկայացուցչությունը երկուսուկես շաբաթ առաջ հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման տվյալները, որոնց համաձայն՝ մասնակիցների 61,2 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի օգտին, 11,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի և 3,9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանի օգտին:
Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս հրապարակումները, անշուշտ, ազդեցություն կունենան. «Իսկ թե որքանով լուրջ ազդեցություն կունենան, այդ մասին կարող ենք արձանագրել մեկ օր հետո, որովհետև արդեն իսկ ամփոփում ենք հարցման տվյալները»:
Արամ Նավասարդյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի միմյանց թիրախավորումը վատ ավանդույթ է դարձել, ինչն ազդում է այդ ուժերի վարկանիշի վրա. «Ընդդիմադիր ուժերը ամենակրիտիկական պահին չգիտես ինչու թողնում են հիմնական թիրախը և սկսում են պայքարել իրար դեմ: Մեր վերլուծաբանների դիտարկմամբ, օրինակ, խորհրդարանական ընտրությունների նախընտրական վերջին շրջանում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ելք» դաշինքի ցուցանիշների աճը դանդաղեց, նույնը եղավ նաև «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշների հետ. այդ ժամանակահատվածը միմյանց ուղղված սուր քննադատություների շրջանն էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































