Ժամեր առաջ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին կոալիցիոն համաձայնագիր: Փաստաթղթի բովանդակությանը հանգամանալից անդրադառնալու կարիք չկա: Նախ, այս փաստաթղերը, որոնցում շարադրված են գեղեցիկ մտքեր և խոստումներ, որպես կանոն, նման են լինում աշխարհի բոլոր երկրներում: Մարդկանց սովորաբար ավելի շատ հետաքրքրում է, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ փայ է ստանում իշխանության մեջ: Սակայն այս առումով էլ` ՀՀԿ-ՀՅԴ վերանորոգված կոալիցիան առանձնապես հետաքրիր չէ, որովհետև, զուտ պաշտոնների մասով, այն, ըստ էության, պահպանում է ստատուս-քվոն:
Սա էլ ունի իր բնական բացատրությունը` չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները թույլ էին տալիս, որ Հանրապետականը նույնիսկ միահեծան իշխանություն ձևավորի, իսկ ՀՅԴ-ն էլ մեծացնի իր փայը գործադիրում` նոր խորհրդարանում երկու մանդատ ավելին ունենալու շնորհիվ: Սակայն ՀՀԿ-ն «անկուշտ» չէ, իսկ ՀՅԴ-ն «չտեսություն» չի անում, որովհետև կողմերից որևէ մեկը «տաքացած» չէ մի կառավարության վրա, որը ժամանակավոր է: Եթե ավելի անկեղծ լինենք, ապա այս կոալիցիան ձևավորվում է հենց այն նպատակով, որ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակավորությունը քաղաքականապես ամրագրվի, չեզոքացվի հանրային այն տպավորությունը, ոմանց պատրանքը, թե անցած ընտրությունների հերոսը Կարեն Կարապետյանն է:
Մի քանի ժամ առաջ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հրապարակավ բոլորին ցույց տվեց, որ երկրում հենց ինքն է քաղաքական օրակարգ թելադրողը: Կոալիցիոն հուշագիրը նախատեսված է հինգ տարվա համար և որևէ առնչություն չունի նախագահի ինստիտուտի հետ, մանավանդ, որ արդեն հաջորդ տարվանից այդ ինստիտուտը պետական համակարգում խորհրդանշական դեր է ունենալու, բայց փաստաթուղթն, այնուամենայնիվ, ստորագրվում է Բաղրամյան 26-ում` Սերժ Սարգսյանի «քավորությամբ» և ուշադիր հայացքի ներքո:
Ֆորմալ առումով` կոալիցիայի կողմեր են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, բայց կոալիցիայի գլխավոր սուբյեկտը հենց Սարգսյանն է, որը մեկ տարի հետո այս համաձայնության շնորհիվ նախագական պալատից տեղափոխվելու է վարչապետի պաշտոնին: Ենթադրաբար` «ազգային համաձայնության» ցեղակրոնա-հեղափոխական պաթոսով, գաղափարա-քաղաքական մի միջավայրում, որտեղ ռացիոնալն ու քաղաքականը պարտվում են միասնության պատրանքին և պսևդոազգայնականությանը:








































