«Ինչպես հայտնի է՝ մենք մի քանի օր առաջ փոփոխություն ենք կատարել մեր նախընտրական ծրագրում»,-այսպես սկսեց իր ելույթը «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ և ընդգծեց, որ «Ելք» դաշինքի նախընտրական առաջարկը՝ 15-հազարական դրամ սոցիալական աջակցության մասին, բացառապես օրինական է։
«Այս առաջարկը մեծ աղմուկ առաջրկեց, կրքեր բորբոքեց, բայց էմոցիոնալ մթնոլորտում չարձանագրվեց ամենակարեւորը։ Վերջապես կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիզմ է առաջարկում ընտրակեղծիքի դեմ, ընդ որում, ամենատարածված կեղծիքների երկու տեսակի՝ ընտրակաշառքների եւ կարուսելի,- նշեց Փաշինյանը: -Դրանք դարձել են ընտրական պրոցեսի ամենավճռական գործոնները, որոնք թույլ են տալիս լկտիանալ հանրապետական կուսակցությանը եւ քմծիծաղով վերաբերվել իշխանափոխության մասին հայտարարություններին։ Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների»։
Փաշինյանը նշել է, թե այս առաջարկով կարող է արմատախիլ անել ընտրակաշառքի եւ կարուսելի պրակտիկան։ «Այս փուլում մեր առաջարկը չի կանգնեցնի ընտրակաշառքի 17-ամյա անիվը, բայց քաղաքացին կստանա կոնկրետ մոտիվացիա՝ չքվեարկել ըստ ընտրակաշառքի։ Այս առաջարկը բացարձակապես օրինական է։ Չկա մի իրավաբան, որը կապացուցվի, որ սա անօրինական են։ Ընտրակաշառք եւ օրինական բառերը չեն կարող զուգորդվել։ Սա ընտրակաշառք չէ։ Սա մի պարզված ձեռք է ընտրակաշառքի ճահիճի մեջ խեղդվող մեր քաղաքացիներին»,- արձանագրել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի քաղաքային իշխանությունը միայն ճոխ քեֆերի ու կոնյակների մասին է մտածում, իսկ իրենք այդպիսին չեն լինելու: «Բայց մենք անկեղծորեն հասկանում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ամենախիստ քննադատությամբ են քննադատում այս որոշումը, որ մենք չենք գնահատում քաղաքականացված քաղաքացու ընտրությունները: Բայց համոզմունքով քվեարկող քաղաքացին պարտվել է ընտրակաշառքով քվեարկող քաղաքացիների քվեարկության պատճառով: Մենք սրանով հսկիչ փաթեթը տալիս ենք համոզմունքով քվեարկող քաղաքացուն: Այս քայլը մեր ընտրողների ձայնն արժևորելու մասին է: Բակերում հանդիպումների ժամանակ էլ են մարդիկ գալիս, ասում՝ ուզում ենք ձեզ ընտրել, բայց հազար ու մի սոցիալական խնդիր ունենք»,- նշեց «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն և կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու քվեարկությամբ ասել՝ «Երևան ջան, ելք կա»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































