Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության վարած վիճակագրության, Սերժ Սարգսյանը 2008 թվականին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային և պաշտոնական 32 այց է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ եթե գումարենք այդ ընթացքում նրա կատարած բոլոր այցերը եվրոպական երկրներ, ԱՄՆ, Չինաստան և հարևան Վրաստան ու Իրան, ապա դա չի կազմի նրա Մոսկվա կատարած այցերի նույնիսկ կեսը: Ակնհայտ է, որ իր պաշտոնավարության 5.5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնել է՝ կարծես աշխատանքի:
Երևի այդ հաճախականությամբ նույնիսկ Ռուսաստանի գուբերնատորները չեն լինում Ռուսաստանի մայրաքաղաքում: Այս ֆոնին պետք է բնական համարել, որ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը օրեր առաջ խոսելով այն մասին, որ Հայաստանը և Ռուսաստանը չունեն ընդհանուր սահմաններ, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային միությանը, Հայաստանը նույնացրել էր ՌԴ մարզերից մեկի՝ Կալինինգրադի հետ. հիմնավորելու համար, թե ընդհանուր սահման չունենալը պրոբլեմ չէ:










































