«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցածը։ Փաստորեն «ինքնաբացարկների» խայտառակ պատմությունից հետո այդ նույն մարդիկ նորից՝ տարբեր պատճառաբանություններով, հայտարարում են, որ եթե Ծառուկյանը որոշի՝ կհրաժարվեն մանդատից։ Սա ինչի՞ մասին է վկայում։
– Վկայում է այն մասին, որ «նախագահ ջանը», ստանալով Գագիկ Ծառուկյանից իրեն «խելոք պահելու» ու կատարվածի հետ հաշտվելու անհրաժեշտ երաշխիքներ, «մեծահոգաբար» որոշել է փրկել նրա դեմքը և այդ նպատակով հանձնարարել է Գագիկի «իմպրեսարիո» Իշխան Զաքարյանին սանձել «չարաճճիներին» և ապահովել նրանց քաղաքավարի վարքագիծը: Ի վերջո, Սերժ Սարգսյանի նպատակը ոչ թե Ծառուկյանին ոչնչացնելն էր, քանզի վերջինս Արթուր Բաղդասարյանի նման վերջնականապես դեռ չի սպառել «ընդդիմադիրի» օգտակար գործակիցը, այլ ծաղրածուների այս կրկեսում նրան իր իրական տեղն ու դերը ցույց տալը: Դրանից հետո այդքան էլ էական չէ, թե «ի՛նչ կորոշի Գագիկ Ծառուկյանը»՝ ծաղրածուների ինչպիսի՛ կազմով կորոշի «գաստրոլներ տալ» Ազգային ժողովում: Իշխան Զաքարյանը լինելու է այնտեղ և ցանկացած պահի կարող է «նախագահ ջանի» անունից պատգամավորներին տարբեր «ֆոկուսների» մղել: Սա էր Գագիկ Ծառուկյանի մեծ քաղաքականություն վերադառնալու գինը: Արժե՞ր այդ գնով վերադառնալ: Սերժ Սարգսյանն ունի այդ հարցի սեփական պատասխանը. չէ՞ որ ինքը խորհուրդ չի տվել Գագիկին վերաբացել փակված էջը: Բայց ո՞ւմ կարող է համոզել այդ խորամանկ «ալիբին», եթե բոլորը դրանից հետո տեսան, թե ինչպես «քաղաքականության էջը խիզախորեն վերաբացած» Ծառուկյանը հլու-հնազանդ հրաժարվեց մասնակցել Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին, ինչը քաղաքագիտական առումով նշանակում է, որ « Ծառուկյան» դաշինքը՝ քայքայված խորհրդարանական խմբակցությունով և չունենալով որևէ մասնակցություն Հայաստանի մարդկային և տնտեսական ներուժի գերակշիռ մասը ներկայացնող մայրաքաղաքի կառավարման գործում, անխուսափելիորեն զիջելու է երկրում իր կշիռով երկրորդ քաղաքական ուժի դերը «Ելք» դաշինքին: Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի նպատակը հենց այդ արդյունքին հասնելն է, և «նախագահ ջանը» շատ մոտ է այսօր դրան: Թե չէ ո՞վ կարող է լուրջ ընդունել, թե, իբր, Սերժ Սարգսյանը մեծ ցանկություն է ունեցել համոզելու Գագիկին զբաղվել սեփական առյուծներով, և դա նրան չի հաջողվել: Երբ «նախագահ ջանին» պետք է եղել, նա միշտ Ծառուկյանին պարտադրել է անել այն, ինչ իրեն ձեռնտու է. չմասնակցել 2013 թվականի նախագահական ընտրություններին, 2015 թվականին հրաժարվել հանրահավաք անցկացնելու մտքից և հեռանալ քաղաքականությունից, բայց ամենախայտառակը՝ Երևանի 2800-ամյակի նախաշեմին «հոժար կամքով» մայրաքաղաքային իշխանությունների ընտրություններից հրաժարվելն էր:
Կրկնում եմ՝ հաշվի առնելով Երևանի տեսակարար կշիռը հանրապետությունում՝ դա հավասարազոր է քաղաքական դաշտում իր կշիռով երկրորդ ուժի դիրքը առանց պայքարի զիջելուն: Ինչպես 2013 թվականին Սերժ Սարգսյանն իր համար պատվաբեր չհամարեց, որպեսզի Գագիկ Ծառուկյանը լինի իր գլխավոր մրցակիցը նախագահի ընտրություններում, և գերադասեց այդ դերում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ այժմ է ցանկանում համար երկրորդ քաղաքական ուժի ու «ընդդիմադիր» այլընտրանքի դերն ապահովել արևմտամետ «Ելք» դաշինքին, ինչը հնարավորություն կտա նրան մշտական կրակահերթերի տակ պահել ռուսաստանամետ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տասը ամսից սպասվող վարչապետի աթոռի համար վճռական մենամարտին ընդառաջ:
– Ժամանակին Ձեզ նույնպես ստիպեցին հրաժարվել այդ քաղաքական թիմի մանդատից, արդյոք նույն ձեռագիրը չե՞ք տեսնում։
– Նախ ասեմ, որ հարցի ձևակերպումը ճիշտ չէ. ի՞նչ ասել է «քաղաքական թիմի մանդատ», եթե խոսքը ոչ թե «ավազակային ավարը» կիսելու, այլ քաղաքացիների ազատ ժողովրդավարական ընտրությունների արդյունքները ճանաչելու և հարգելու մասին է: Քաղաքական թիմից դու վստահության «մանդատ» ես ստանում, երբ այդ թիմի առաջնորդը տվյալ կուսակցության օրինական որոշմամբ քեզ հրավիրում է միասին մասնակցել ընտրություններին: Դրանից հետո որոշողն ընտրողն է, իսկ ընտրություններից հետո քաղաքացիների կամարտահայտության արդյունքներն ինչ-ինչ պատրվակներով, ինչ-ինչ միջոցներով՝ ուժային կամ «փափուկ», ինչ-ինչ ձևերով՝ նոտարի վավերացումով «բարաթ» ստորագրելով կամ «ջենթլմենական» փոխհամաձայնությամբ, վերանայելը ծանր ոտնձգություն է իշխանությունը քաղաքացիների ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորելու սահմանադրական իրավունքի դեմ: Այն կուսակցապետերը և նրանց «թիմերը», ովքեր դրանով զբաղվում են, կատարում են ծանր պետական հանցագործություն, և ցանկացած քաղաքակիրթ երկրում վաղուց պետք է կանգնեին դատարանի առջև: Այդ ինչպե՛ս են շարքային մարդկանց դատում խարդախության համար, երբ խոսքը վերաբերում է ինչ-որ մանր արարքների, իսկ կազմակերպված եղանակով և հանցագործ հատուկ մեխանիզմի ներդրմամբ, այն էլ՝ պետական նոտարներին դրա մեջ ներքաշելով, մի ամբողջ ազգի խարդախության զոհ դարձնելու և աշխարհով մեկ խայտառակելու համար պատիժ չի՞ հասնում: Եթե նման արարքները հնարավոր են և նույնիսկ խրախուսվում են պետության կողմից, էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ մարդիկ գլխապատառ փախչում են երկրից: Գերմանացի մեծ փիլիսոփա Իմանուիլ Կանտը, որի անունը մեր կուսակցապետերը, հուսով եմ, գոնե լսած կլինեն, հիմնավորում էր, որ մարդուն երբեք չի կարելի վերաբերվել որպես միջոցի և միշտ պետք է ընդունել որպես նպատակ: Ցավն այն է, որ քաղաքական գործունեության իմաստն ապականած մեր կուսակցապետերը ոչ միայն իրենց թիմակիցներին են օգտագործում խայծերի դերում, այլև միջոց՝ «ընտրախաժամուժ» են դարձրել մի ամբողջ ժողովրդի: Եվ այս մարդիկ միջազգային հանրությունից պահանջում են իրենց հարգել, արդար վերաբերվել… Չեն հասկանում, որ իրենց նկատմամբ լինելու են նույնքան արդար և ազնիվ, որքան իրենք են «արդար» և «ազնիվ» իրենց քաղաքացիների նկատմամբ:
Շուտով կհասկանան, բայց, ավաղ, արդեն ուշ կլինի: Հիմա դառնամ ինձ: 2012 թվականի ընտրություններից հետո ես մանդատից հրաժարվեցի լուսահոգի մորս խնդրանքով և իմ սեփական հայտարարությամբ: Դա տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ իմ դեմ արդեն գործի էր դրվել քաղաքական հաշվեհարդարի մեքենան ՝ հարուցվել էին շինծու դատական գործեր, և «իրավապահ» կոչվող համակարգի կողմից սկսվել էր մեծ ճնշում: Իշխանությունները որոշել էին ամեն գնով արգելափակել իմ մուտքը խորհրդարան, իսկ պատճառն այն էր, որ նախընտրական շրջանում իմ նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում արդյունավետ գործեց՝ ապահովեց շտաբին անդամակցող բոլոր կուսակցությունների մուտքը խորհրդարան, Ընտրությունների օրինականության վերահսկման միջկուսակցական միասնական շտաբը, որի գործունեությունը ես էի համակարգում:
Հանրապետական կուսակցության ղեկավարությունը սկզբում տարբեր միջոցներով փորձեց կազմալուծել Միասնական շտաբը՝ նունիսկ փորձեցին այն ժամանակ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի միջոցով հենց Ազգային ժողովում ստեղծել մեզ հակակշռող «Միասնական շտաբ», բայց ոչինչ չստացվեց: Վտանգ կար, որ եթե ես լինեմ Ազգային ժողովում, իմ ստեղծած Միասնական շտաբը կշարունակի իր գործունեությունն արդեն պառլամենտում: Դա լուրջ սպառնալիք էր, և ով էլ լիներ Սերժ Սարգսյանի տեղում, պետք է ձգտեր այդ սպառնալիքը չեզոքացնել, իսկ չեզոքացման միակ միջոցը Գագիկ Ծառուկյանի ձեռքերով մանդատից ինձ հրաժարեցնելն էր, կամ էլ… Ես այն ժամանակ պարտավոր էի հաշվի նստել այն իրողության հետ, որ անցած տարի կյանքից հեռացած մայրս բացի ինձնից ուրիշ խնամող և կերակրող չուներ, ուստի ստիպված էի հրաժարվել մանդատից: Հետևանքը եղավ այն, որ չնայած «Բարգավաճ Հայաստանն» այն ժամանակ, ինչպես հիշում եք, դուրս եկավ կոալիցիայից, սակայն առանց ինձ
Միասնական շտաբը խորհրդարանում չգործեց, և երեք տարի ժամանակ պահանջվեց, որ 2015 թվականի հունվարին տեղի ունենա քաղաքական ուժերի համախմբման մի նոր փորձ, որի հետևանքները ծանր էին արդեն Գագիկ Ծառուկյանի համար… Ինչպես տեսնում եք, իմ պատմությունը համեմատել այսօրվա մանդատակռվի հետ հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ համեմատության եզր գտնել իմ և այսօրվա կռիվ տվողների մոտիվացիաների ու նպատակների միջև: Բոլոր դեպքերում ճշմարտացի էր Լև Տոլստոյը, երբ գրում էր, որ վախկոտ ընկերը թշնամուց վտանգավոր է, քանզի թշնամուց զգուշանում ես, իսկ ընկերոջ հետ հույսեր ես կապում: Ես ուզում եմ բոլոր վախկոտներին քաղաքականությամբ չզբաղվելու խորհուրդ տալ, քանզի նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքականությունը վերածվում է կրկեսի, իսկ գուցե առավելապես հենց այդ դեպքերում՝ քաղաքականությունը վտանգավոր զբաղմունք է:
– Ի՞նչ եք կարծում, այս ամենը կարո՞ղ է ուղղորդված լինել և ո՞ր շրջանակների կողմից։ Եթե իշխանությունների, ապա ո՞րն էր հետաքրքրությունը։
– Գիտեք՝ մեր քաղաքական դաշտ կոչվածը կրկեսի հետ համեմատելն այնքան էլ ճիշտ չէ: Կրկեսի դերակատարները որոշակի ինքնուրույնություն ունեն՝ նույնիսկ իմպրովիզացիայի հնարավորություն: Սա ավելի շուտ տիկնիկային թատրոն է, որտեղ մի մարդ կարող է բոլորին թելերով մի կենտրոնից կառավարել: Սերժ Սարգսյանը նման է հայտնի հեքիաթի հերոս՝ սարսափելի Գուդվինին, որին իր տիկնիկների հետ միասին «Տոտոշկա» անունով փոքրիկ շնիկը կարողացավ հեքիաթի վերջում ջրի երես հանել՝ ստիպելով իրենից փախչել: Սերժ Սարգսյանին էլ առայժմ հաջողվում է բոլորին թելերով խաղացնել, բայց վերջում ամենաանսպասելի հանգամանքներում կհայտնվի այդպիսի մի փոքր շնիկ ՝ ոչ թե առյուծ, այլ ընդամենը շնիկ, և տիկնիկային թատրոնը կփակվի… Հիմա Դուք հարցնում եք, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի հետաքրքրությունը: Ես մասամբ արդեն Ձեր հարցին պատասխանել եմ՝ քաղաքական դաշտում «Ելք» դաշինքին իր կշիռով համար երկրորդ և հանրապետականներին այլընտրանքային հիմնական ուժ դարձնելու խնդիր է լուծվում: Բացի այդ, Սերժ Սարգսյանի ծրագիրն է եղել խորհրդարանում այնպիսի դասավորության հասնել, որ առհասարակ չլինի մյուսներից զգալիորեն առաջ անցած երկրորդ ուժ, այլ լինի մեծամասնություն նվաճած ՀՀԿ-ն և «քոռ ու թոփալ» մյուսները: Այդ «մյուսները» պետք է հավաքեին ամենքը 5-10 տոկոս՝ ոչ ավելի: Այդ դեպքում ՀՀԿ-ի մանևրելու և դաշնակիցներին «բռի մեջ խաղացնելու» հնարավորությունը կմեծանար, իսկ թատրոնը կդառնար ավելի հետաքրքիր ու տեսարժան: Բացի այդ, ի սկզբանե ծրագիրն այն էր, որ բոլորը տեղավորվեն, ու դժգոհներ ընդհանրապես չլինեն, և դա հնարավոր էր, եթե Ծառուկյանը չափը չանցներ: Հիմա ինչ եղել՝ եղել է, և Սերժ Սարգսյանը որոշել է նախագծվածին հասնել «Ծառուկյան» դաշինքին վիվիսեկցիայի ենթարկելու միջոցով, ինչը և հեշտությամբ անում է: Ի՞նչ է պատահել, եթե «ոզնին էլ գիտի», որ այս, ինչպես բոլոր մյուս ցուցակների հեղինակը հենց ինքն է՝ «սարսափելի Գուդվինը»։
– Պատգամավորներն արդեն ստացան իրենց մանդատները։ Հայտնի է նոր խորհրդարանի կազմը։ Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների առումով այս խորհրդարանն ի զորո՞ւ է որևէ բան անել։
– Այսպիսի թույլ և ապիկար մարդկանց «աստղաբույլ» եթե հատուկ նպատակ դնեիր հավաքել, երևի չստացվեր: Քսանհինգամյակը բոլորած մեր նորանկախ պետության պատմության մեջ այսպիսի անորակ կազմով խորհրդարան դեռ չենք ունեցել: Նախկինների կազմն էլ չէր փայլում, բայց այսպիսին չէր, և սա այն դեպքում, երբ այս Ազգային ժողովն օժտված է ավելի մեծ լիազորություններով ու գործելու է ավելի բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք ամենախոր հետևանքներն են ունենալու մեր տարածաշրջանում: Այս պայմաններում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Ես մտածում եմ՝ ինչպե՞ս կարող են այս առևտրականները իրենց նեղ աշխարհայացքով ու սահմանափակ գիտելիքներով սպասարկել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում մեր պետական-ազգային շահերը: Էլ չեմ խոսում Արցախյան հիմնահարցի մասին, որի շուրջ սպասվում են վճռորոշ զարգացումներ կառավարության ձևավորումից անմիջապես հետո: Էլ չեմ ասում լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին, որի հոտը զգացվեց, երբ ԵԱՀԿ-ն փակեց իր երևանյան գրասենյակը: Միայն միամիտը կարող է դա բացատրել Բաքվի պահանջներով և չհասկանալ, որ եթե ԵԱՀԿ-ն ցանկանար այստեղ իր գրասենյակը պահել, ապա ո՛չ Բաքուն, ոչ էլ որևէ այլ պետություն չէին կարող ստիպել նրան հեռանալ: Բա հո՞ չեն ասելու, որ փակում են իրենց գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսման կամ պարզապես հայերից գլուխներն ազատելու համար: Հո մենակ Սերժ Սարգսյա՞նը չի ձգտում իր համար միշտ ալիբի ստեղծել: Եվ ինչպես Սերժ Սարգսյանն է նման դեպքերում օգտվում որևէ «ընդդիմադիրի» ծառայությունից և նրա ձեռքերով հարց լուծում, ԵԱՀԿ չինովնիկները նույնպես վկայակոչում են ինչ-որ մեկի, տվյալ դեպքում՝ Իլհամ Ալիևի պահանջը: Իրականում այդ «պահանջը» ընդամենն ալիբի է, որը կոչված է թաքցնելու և արդարացնելու իրականությունը՝ Հայաստանը համարում են չկայացած պետություն ու հանձնում են Ռուսաստանի խնամակալությանը: Եվ մեր այս «պատգամավորական փայլուն աստղաբույլը» իր գործունեության հինգ տարիների ընթացքում այդ իրականությունը ոչ միայն կհաստատի, այլ նաև կդարձնի անշրջելի: Իսկ Սերժ Սարգսյանն, ինչպես միշտ, այս հարցում էլ ունի իր «երկաթյա ալիբին», որն արդեն դրել է շրջանառության մեջ: Այդ ալիբիի իմաստն այն է, որ նա ի ցույց է դնելու Գագիկ Ծառուկյանի և վերջինիս թիմակիցների քաղաքական որակները, որոնք, ավաղ, հանրապետականների որակներից բարձր չեն, և հայտարարելու է, որ ուժեղ հրապարակային քաղաքական գործիչներին խորհրդարան բերելը ոչ թե բոլոր երկրներում էլ ավելի զգուշավոր և ղեկը ձեռքից բաց չթողնելու հարցով մտահոգված իշխանության խնդիրն է, այլ ավելի «դինամիկ» և փոփոխությունների ձգտող ընդդիմության:
Այնպես որ, խորհրդարանի այս անմխիթար կազմի համար պատասխանատվությունն ի վերջո դրվելու է հենց Գագիկ Ծառուկյանի վրա: Եվ ես համոզված եմ, որ եթե նույնիսկ իրեն և իր խնամի Հովիկ Աբրահամյանին՝ հանցագործ նոտարի հորը, մեղադրեն Ազգային ժողովը ապականելու և ապիկարներով լցնելու մեջ, նրանք չեն համարձակվի հանդես գալ պատասխան մերկացումներով: Ամենածանրն, իհարկե, Հովիկ Աբրահամյանի վիճակն է, որի դուստրը զբաղվել է «սև նոտարությամբ» այն տարիներից սկսած, երբ հայրը զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Այս հանգամանքը մեծ հաշվով խաչ է դնում Հովիկ Աբրահամյանի հետագա կարիերայի վրա: Իհարկե, այս պատմության մեջ ամենամտահոգիչը ոչ թե առանձին մարդկանց ճակատագիրն է, այլ մեր ազգային պետականության ճակատագիրը: Այսօր պետության մասին մտածում են վերջին հերթին: Կատաղի պայքար է գնում արևի տակ սեփական տեղն ապահովելու համար: Եվ այդ մոլագար պայքարում գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում այն, որ այսօրվա խավարամիտ ու գիշատիչ, խելացի մարդկանց նկատմամբ «դասակարգային ատելությամբ» լցված «վերնախավը» մեր պետությունը անշեղորեն տանում է կործանման։







































