ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը մոտ օրերս կներկայացնի վճռաբեկ բողոք՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Ավետիս Քալաշյանը:
Ինչպես և վերաքննիչ բողոքում, վճռաբեկ բողոքում ևս Ա.Քալաշյանը միջնորդելու է վերացնել կալանավորումը և Սամվել Բաբայանին ազատ արձակել:
Պաշտպանը նշել է, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ա.Քալաշյանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ անձի՝ Արմեն Պողոսյանի, ցուցմունքն է դրված: Այն էլ պնդում չէ, այլ ենթադրություն է առ այն, որ Սամվել Բաբայանը կարող է զենքը պատվիրած լինել:
Պաշտպանը նշեց, որ ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ ոչ միայն մեղադրանքի, այլև իր պաշտպանյալի հետ առերես հարցաքննություն անցկացնելու համար: Ի դեպ, հիշյալ անձն ու Սամվել Բաբայանն իրար չեն ճանաչում:
Պաշտպանը դժվարացավ հայտնել, թե արդյոք ներկայումս նախաքննությունը մոտենո՞ւմ է ավարտին, թե՞ ոչ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































