Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար Վլադիսլավ Մանգասարյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստի ավարտին էր հաջորդ նիստը նշանակվել մայիսի 10-ին, ժամը 11-ին:
Սակայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշված էր, որ նիստը տեղի է ունենալու… մայիսի 17-ին:
Ճշտելու համար զանգահարեցի գործով երեք տուժողների, այդ թվում՝ ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին: Փաստաբանն ասաց, որ ինքն էլ է փորձում նույն բանը ճշտել դատավոր Ա. Բեկթաշյանի աշխատակազմից:
Այնուհետև փաստաբանից տեղեկացա՝ դատավորի աշխատակազմից նրան պատասխանել էին, որ «Դատալեքս»-ում մայիսի 17-ը թյուրիմացաբար է նշվել, պետք է լիներ մայիսի 10: Սակայն տեղի է ունեցել «զուգադիպություն»՝ ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը դատարանին տեղեկացրել է, որ վատառողջ է, չի կարող ներկայանալ այսօրվա նիստին, ու խնդրել է հետաձգել նիստը: Դե, քանի որ «Դատալեքսում» արդեն իսկ որպես նիստի օր նշված է մայիսի 17-ը, այսօրվա նիստը պաշտպանի վատառողջության պատճառով հետաձգվել ու նշանակվել է հենց… մայիսի 17-ին:
Փաստորեն, նիստի հետաձգման մասին նորից հայտնի դարձավ նիստի սկսվելուց րոպեներ առաջ միայն…
Հիշենք նաև, որ նախորդ նիստերից մեկի ժամն էր «Դատալեքսում» սխալ նշված, ու այդ նշված ժամին դատական նիստն արդեն… ավարտված էր…
Մեր հեռախոսային զրույցի ժամանակ տուժող Էդմոն Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց. «Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց դատական համակարգը պետք է ընկալի, որ նման բարդ գործով դատական նիստին պատրաստվելու համար փաստաբանին առնվազն 3-4 ժամ է հարկավոր: Փաստաբանը պետք է վերհիշի տվյալ օրվա նիստի հետ կապված բոլոր փաստերը, մանավանդ, որ այս գործը շատ թերի է քննված, փաստաբանը կատարում է միջնորդություններ, հաջորդ նիստին ակնկալում է լսել միջնորդությունների վերաբերյալ կողմերի արձագանքները, պատրաստվում է ներկայացնել նոր միջնորդություններ… Ես գիշերն եմ աշխատել՝ այս նիստին պատրաստվելու համար… Փաստաբանները պարապ չեն, տարբեր գործերով են զբաղված, հետևաբար յուրաքանչյուր նիստին մասնակցելու համար որոշակի ժամանակ են կորցնում՝ նախապատրաստվելու համար… Այս գործով ևս մեկ առանձնահատկություն կա՝ տուժողները հիմնականում բնակվում են Հայաստանից դուրս, նրանք յուրաքանչյուր նիստից առաջ իրենց երկրներից ժամանում են Հայաստան, անցած դատական նիստին ես արդեն իսկ դատարանին կոչ էի արել դատական նիստերը սկսվելուց մի քանի րոպե առաջ չհետաձգել…»:
Փաստաբանն ասաց, որ դեռ մի շարք միջնորդություններ էլ ունի ներկայացնելու, քանի որ գործը շատ թերի է քննված: Գործի նախաքննության ժամանակի մեծ մասը ծախսվել է՝ գործարար Էդմոն Խուդյանի կողմից ներդրումների կատարման ժամանակ թույլ տրված ինչ-ինչ չարաշահումներ բացահայտելու համար: Սակայն երբ պարզվել է, որ չարաշահումներ ընդհանրապես թույլ չեն տրվել, նոր միայն անցել են այլ անձի կողմից կատարված խարդախությունների բացահայտմանը:
Փաստաբանը նշեց, որ իրականում գործը բացահայտման առումով շատ պարզ է եղել՝ «ուչաստկովու մակարդակի», բայց գործի քննությունը հիշյալ պատճառով շատ երկար է տևել, ու նաև՝ կատարվել է թերի քննություն, որի բացերը դատական քննությամբ լրացնելու համար էլ փաստաբանը ներկայացրել ու դեռ ներկայացնելու է միջնորդություններ:
Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինարարություն, ինչպես նաև ստանալով Երևանի Մաշտոցի պողոտայում կառուցվող մի քանի շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ Ներդրումային» ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011 թվականների ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի՝ 2 միլիարդ 255 միլիոն 412 հազար 294 դրամ արժողությամբ գույքը:
Վլադիսլավ Մանգասարյանի գործողությունների հետևանքով ամենաշատ վնասները կրած ամերիկահայ գործարար, «Արին Կապիտալ» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ պայքարել է կատարվածը բացահայտելու համար:
Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ գործով 27 տուժող է թվարկված: Գործը կազմված է 54 հատորից:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստի սկզբում երեք տուժողների, այդ թվում՝ Էդմոն Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, նկատի ունենալով այս գործով հաճախադեպ հետաձգումները, հայտարարել էր. «Ամեն դատական նիստի վերաբերյալ ծանուցում ենք ստանում, բայց պետք է նկատի ունենալ, որ այս գործով տուժողներից շատերը երկրից դուրս են ապրում, նրանք պետք է հեռվից ժամանեն Հայաստան: Եթե ես, ասենք, Զեյթունից 17 րոպեում հասնում եմ դատարանի դահլիճ, ապա մեր հարգարժան տուժողը Ամերիկայից պետք է նստի ինքնաթիռ, հասնի Մոսկվա, մեկ այլ ինքնաթիռ նստի ու ժամանի Երևան. դա տանջալից բան է: Ու երբ մարդը այդքան ճանապարհն անցնելուց հետո հասնում է Երևան և պատրաստվում է դատական նիստին ներկայանալ, նրան զանգում ու ասում են, որ նիստը չի կայանալու: Խնդրահարույց է այն, որ մարդիկ արտասահմանից են գալիս-հասնում Երևան, ու նիստի սկսվելուց 15 րոպե առաջ են տեղեկացվում, որ նիստը չի կայանալու…»:









































