««Հաղթանակ» զբոսայգում «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀ իշխանությունը գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ԻՊ-ի դեմ պայքարում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան ներգրավված կլինի, վտանգներ չկա՞ն, որ Հայաստանը կարող է թիրախ դառնալ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Արտգործնախարարությունն ավելի մասնագիտական գնահատական կտա, բայց ես վտանգներ տեսնում եմ ավելի շատ ահաբեկչական պետությունների և ղեկավարների ահաբեկչական գործողություններից, ոչ միայն ԻՊ-ից, այլ նրան սատարողներից, որոնք իրականացնում են 21-րդ դարին ոչ հարիր քաղաքականություն, ինչը մարտահրավեր է մարդկային հասարակությանը: Իսկ ահաբեկչության դեմ պայքարում մարդկությունը պետք է միասնական լինի:
Մինչև ԻՊ-ը մենք շատ մարտահրավերներ ունենք, Ադրբեջանն իրականացնում է բացահայտ հակահայկական, ֆաշիստական և ռասիստական քաղաքականություն. պետություն, որն իր ղեկավարի գլխավորությամբ իրականացնում է քաղաքականություն, ըստ որի, հայ ժողովուրդը համարվում է Ադրբեջանի թիվ մեկ թշնամին, ինչը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն:
Մյուս կողմից՝ մենք գործ ունենք Թուրքիայի հետ, որի ղեկավարը ոչ վաղ անցյալում մեղադրվում էր ԻՊ-ին աջակցելու մեջ, այսինքն՝ մենք նախևառաջ պետք է մեր անվտանգության համակարգն ամրապնդենք:
Մերձավոր Արևելքում ԻՊ-ի գործողությունները, կարծում եմ, հայ ժողովրդից լավ որևէ մեկը չի պատկերացնում, որովհետև հայաթափվել են հայկական երբեմնի հզոր համայնքները՝ Հալեպը, Դեր-Զորը, այսինքն՝ մենք մեր վրա զգում ենք, թե ինչ ախտ է ԻՊ-ը:
Իմ կոչն է, որ բոլոր քաղաքակիրթ երկրները և առաջին հերթին գերտերությունները միավորեն իրենց ջանքերը ԻՊ-ի և առհասարակ ահաբեկչական գործողությունների դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































