Երևանի տոնավաճառների աշխատակիցների բարձրացրած հարցերը շարունակում են մնալ օդից կախված: Կառավարությունում ունեցած հանդիպումները, ձևավորված հանձնաժողովը առայժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել: Կառավարությունից միայն աշխատակիցների պահանջը գրավոր շարադրված տարբերակով պահանջել են ու դեռ ոչ մի պատասխան չեն տվել:
Նախօրեին տոնավաճառների աշխատակիցների ակցիաների համակարգող Արմեն Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր էլ կսպասեն կառավարության պատասխանին, և եթե պատասխան չեղավ, կամ իրենց ցանկալի պատասխանը չեղավ, իրենք արհմիություն են հիմնելու և սկսեն իրենց իրավունքների համար պայքարել այդ եղանակով: «Եթե մեր առաջարկները չլսեն, մեր ժողովուրդն ուզում է արհմիություն բացել, բոլորս դառնանք արհմիութենականներ, որպեսզի մեր հարցերը, առաջարկները օրինական կերպով հասցնենք հասցեատիրոջը»,- ասաց մեր զրուցակիցը:
Արմենը նշեց, որ իրենք կառավարությանը գրավոր ներկայացրել են այն առաջարկները, որոնք հնչեցրել էին երկօրյա բողոքի ակցիաների ժամանակ: «Կառավարությանը ներկայացրել ենք մեր առաջարկների սև և սպիտակ կողմերը: Սև կողմն այն է, թե ինչի ենք մենք հայտնվել այս վիճակում, իսկ սպիտակ կողմը՝ մեր առաջարկությունները: Փող վճարողը մենք ենք, մենք չենք խուսափում փող վճարելուց : Մենք պահանջում ենք հաստատագրված վճար մեր տաղավարների համար պայմանագրով սահմանված և մնացած առաջարկությունները»,- ասաց Արմենը:
Մեր դիտարկմանը, թե նախորդ կառավարության նիստում վարչապետի և ՊԵԿ նախագահի խոսքից հասկանալի էր, որ կառավարությունը չի պատրաստվում իրենց ազատել փաստաթղթաշրջանառությունից, այլ հակառակը՝ պնդում է, որ պետք է բոլորը գործեն օրենքի դաշտում, ունենան փաստաթղթեր և ՀԿԴ կտրոններ տրամադրեն, այդքանից հետո իրենք էլ ի՞նչ ակնկալիքներ ունեն կառավարությունից: «Եթե մեր պահանջը չբավարարվի, նորից անելու ենք նույնը, ինչ որ արել ենք միշտ: Նորից ակցիաներ ենք սկսելու, պետական ձևով գրանցվելու ենք դառնանք արհմիություն, որ չասեն՝ մի քանի հարյուր առևտրական բողոքում են և այլն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց համար արժանահավատ չեն կառավարության արդարացումները, թե իրենք ՓՄՁ-ին ճնշելով փորձում են խոշորին հանել ստվերից:
«Չաղ մարդը չի կարող թաքնվել նիհարի ստվերում: Դա անհնար է: Եթե ՓՄՁ-ն մենք ենք, ո՞նց կարող է խոշորը թաքնվել մեր հետևում: Հակառակը՝ շատ ժամանակ մենք ենք թաքնվում նրանց հետևում: Գիտեք ինչ՝ խոշորը իրա ձևով ու չափով է հարկ վճարում, մենք՝ մեր ձևով: Ամեն մարդ իր նպաստն ունի էս երկրի տնտեսության մեջ»,- ասաց Արմենը՝ հավելելով. «Ոնց եք պատկերացնում, որ մի երկրից մաքսային ապրանք մտնի, ու դա չիմացվի: Բոլորին էլ ապրանքագրեր են տալիս, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, թե ինչ ապրանք է ներմուծվել Հայաստան ու ինչքան: Եթե այդտեղ այդ ապրանքի հարկը վճարվում է, էլ ի՞նչ կարիիք կա մի հատ էլ ես փաստաթուղթ հանեմ: Պետք չի մարդ գրագետ լինի, որ հարկ վճարի: Կարևորը ինքը չի խուսափում իր փողը վճարելուց: Պետք չի հիմա մեզ ստիպեն, որ գնանք կրթվենք, օրենքներին տիրապետենք, փաստաթղթեր վարել սովորենք, որ նոր փող վճարենք»:
Հիշեցնենք, որ նախօրեին Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ թերևս կառավարությունը որոշում կկայացնի նախևառաջ բարձրացնել տոնավաճառի աշխատակիցների՝ ԱՁ-ների կրթվածության մակարդակը, որպեսզի նրանք կարողանան փաստաթղթեր վարել ու գրագետ ձևով աշխատել օրենքի դաշտում, այլ ոչ թե միայն գնել ու վաճառել: Մակարյանը նաև նշել էր, որ տոնավաճառի աշխատակիցների պահանջը՝ ազատել իրենց փաստաթղթաշրջանառությունից, չի բավարարվի:
«Ես կարծում եմ, որ չի բավարարվի: Կա՛մ նոր կատեգորիա պետք է սահմանվի՝ ինքնազբաղվածներ, անհատ ձեռներեցներ, կա՛մ այլ լուծումներ պետք է գտնվեն: Նրանց մեծ մասը գնացել և անհատ ձեռներեց է գրանցվել, բայց անհատ ձեռնարկատերը լայն հասկացություն է: Ե՛վ տոնավաճառների աշխատակիցներն են համարվում անհատ ձեռներեցներ, և՛ առևտրով զբաղվողները: Բայց ինչո՞ւ ուրիշ ոլորտում գործունեություն իրականացնող ԱՁ-ն պետք է հարկեր վճարի, ՀԴՄ տպի, փաստաթղթեր ունենա, իսկ տոնավաճառի աշխատող ԱՁ-ն՝ ոչ: Չի լինի, որ նույն երկրի ներսում գործունեություն ծավալողների նկատմամբ տարբերակված մոտեցում ցացաբերվի: Նրանք պետք է հավասար օրինական դաշտում աշխատեն»,- նկատեց Մակարյանը:
Նրա դիտարկմամբ՝ ուրիշ ոլորտներում անհատ ձեռներեցները ավելի գիտակ են, կրթված, իսկ առևտրի ոլորտում այդ խնդիրը կա: Նրանք մենակ գնում են և վաճառում՝ չցանկանալով ոչ փաստաթուղթ ունենալ, ոչ փաստաթուղթ տրամադրել: «Այդպիսի մարդը չի կարող անհատ ձեռնարկատեր կոչվել: Անհատ ձեռնարկատերը իրավական ստատուս է, գործունեության ձև: Նա չի կարող պահանջել, որ օրենքից դուրս գործի: Հիմա էսպես որ շարունակվի, ոսկերիչները ոտքի կկանգնեն, կասեն՝ մեզ ազատեք փաստաթղթերից, թող ոչ ոք չիմանա, թե ես ումից ինչ առա, ում վաճառեցի: Բայց էսպես չի լինի: Դաշտը վերջնականապես պետք է կարգավորվի»:
Լուսանկարը` PAN Photo-ի







































