«Սոսեի և Ալենի ժառանգության հիմնադրամը» և «Հայաստան-ծառատունկ» նախագիծը մեկնարկել են հուշ-անտառ տնկելու սոցիալական մեդիաարշավ՝ նվիրված զույգի հիշատակին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
Երիտասարդ զույգը, ով ամուր կապեր ուներ Հայաստանի և սփյուռքի հետ, 4 ամիս առաջ ավտովթարի հետևանքով մահացավ:
Սոսեի եղբայրը՝ Վաչե Թովմասյանը, մի քանի ընկերների հետ հիմնել է հիմնադրամը՝ աջակցելու զույգի համար կարևոր արժեքներին՝ կրթությանը, հայրենադարձությանը, կամավորությանը և ժողովրդավարության զարգացմանը: Վաչեի խոսքով՝ անտառը կլինի ապրող, շնչող հուշահամալիր և դրական ազդեցություն կունենա Հայաստանի միջավայրի վրա:
Արշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Սոսեի ծննդյան օրը, և կշարունակվի մինչև Ալենի ծննդյան օրը՝ մարտի 10-ը: Կազմակերպություններն ակնկալում են 10 հազար Like` 50 հազար ծառ տնկելու համար (1 Like-ը՝ 5 ծառ): Անտառի տնկումը կսկսվի 2014-ի գարնանը:









































