«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Զրուցել ենք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տնտեսությանը վերաբերող դրույթներից, որոնք արժե, որ կառավարությունը որդեգրի ու փորձի կյանքի կոչել:
– Ես ծանոթ եմ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերին և կցանկանայի խոսել «Ազատ դեմոկրատներ»-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ծրագրերի մասին: Սրանք մոդելներով բավականին տարբեր են:
ՀՀԿ-ի ծրագիրը, լինելով սոցիալ-տնտեսական բնույթի, տրված է գլոբալ, ընդհանուր դրույթներով, որոնք բացելու և կառավարության ծրագրերի հետ կապելու անհրաժեշտություն կա, որպեսզի հասկանալի լինի, թե դրա տակ ինչ է ենթադրվում և ինչքան ժամանակում է հնարավոր անել: Սրանում մտքերը, գաղափարները լավն են, բայց ավելի ընդհանրական են:
Ծառուկյանինը կոնկրետ կետերով են, մարդուն ավելի հասանելի, հիշողության մեջ տպավորվող:
«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացրածը ծրագիր լինելով հանդերձ նաև կիսավերլուծական նյութ է, բավականին խորը վերլուծություններով և սպասվելիք արդյունքների հաշվարկներով: Որոշակիորեն այստեղ կար նաև քայլերի հաջորդականություն:
Սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողի համար ծրագրերը էական չեն: Այդ ծրագրերը ավելի շատ պետք են պառլամենտին, կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը: Սրանք այն շերտերն են, որոնք ավելի խորը կարող են ընկալել, վերլուծել, հասկանալ և օգտագործել այդ ծրագրերն ու դրույթները: Ես կողմ եմ ծրագրային միավորման գաղափարին: Մեզ պետք է ընտրել լավ առաջարկները և օգտագործել դրանք: Եթե կառավարությունը հետամուտ լինի նման գաղափարի՝ ճիշտ ու տրամաբանական կլինի: Վերջին հաշվով մենք չենք մտել վազքի մրցույթի մեջ, թե ով առաջինը կհասնի վերջնագծին: Մենք բոլորս ենք միասին վազում: Հետևաբար, կուսակցությունների ծրագրերում եղած լավ մտքերը պետք է վերլուծել և գտնել դրանց հասնելու ռեալ ճանապարհը:
ՀՀԿ-ի ծրագրերը որպես կանոն լինում են համառոտ և ընդհանրական: Դա ավելի ճկուն է: Բայց մյուս կողմից, դրանում ամեն մի ոլորտը ծածկող կետեր են, որոնցից յուրաքանչյուրի բացումը կարող էր դառնալ հսկայական ծրագիր: Կուսակցության համար՝ օգտագործելով կառավարության, պետական ապարատի ռեսուրսները, նման ծրագիր գրելը դժվար չէ: Ինձ, որպես միության ղեկավարի, հետաքրքրում է, թե մենք դրանցից ինչպես ենք օգտվելու:
Բագրատյանի ծրագիրը բավականին հետաքրքիր էր: Նրանում մի շարք հարցերի լուծման վերաբերյալ շատ նորություններ կան, ոչ ստանդարտ մոտեցումներ: Նույնիսկ տնտեսական տարբեր ցուցանիշների հասանելիության առումով նոր մոտեցումներ է դրսևորված: Ակնհայտորեն երևում է, որ ծրագրում ԵԱՏՄ մասն այդքան էլ կարևորված չէ Հայաստանի ապագայի համար՝ որպես ընտանիք: Դա իրականում այդպես էլ կա: Մենք այդ ընտանիքին հարում ենք, որպեսզի մեզ սմբակների տակ չտրորեն, ինչը մեր համար ամենակարևորն է: Հիմա մեր համար շատ կարևոր է՝ ինչ անել, որ դուրս գանք այս իրավիճակից: Դրա համար պետք է օգտագործել ԵԱՏՄ-ի հնարավորությունները, բայց պաշտպանելով մեր շուկան, տեղական արտադրողների շահերը, հալած յուղի տեղ չընդունելով ԵԱՏՄ-ի խաղի կանոնները, որի արդյունքում կարող են պարզապես ոչնչանալ տեղական արտադրողները: Ժամանակին մենք նման սխալ արել ենք, արժևորելով դրամը, ինչը թանկ նստեց մեր տնտեսության վրա: ԵԱՏՄ մյուս անդամ երկրները մեր նկատմամբ ազնիվ չեն, հետևաբար, մեր կողմից ավելորդ ազնվություն պետք չէ: ԵԱՏՄ-ի հարցում ես համաձայն եմ «Ազատ դեմոկրատներ»‑ի ծրագրին, չնայած իրենց դրսևորած կոշտ մոտեցմանը: Բայց մեզ պետք չի առաջինը լքել այդ կառույցը: Այդ դեպքում մեր վրա լուրջ հարվածներ կտեղան:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին. երեք ծրագրերում էլ նմանություն կա: Եթե ցանկանում ենք ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը, կա մեկ ուղի՝ ունենալ տնտեսական համապատասխան պոտենցիալ, ներմուծել, ու դրա շնորհիվ կարողանալ նոր բաներ արտադրել և մրցունակ դառնալ:
Գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու ձևերից են ներդրումները: Տարբեր երկրներից ներդրողների գալը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը հետաքրքիր է իրենց և մրցունակության էլեմենտներ է պարունակում: Դրանով իսկ մենք ավտոմատ կինտեգրվենք միջազգային տնտեսությանը: Այստեղ լուրջ դերակատարություն ունի աշխատուժի որակը: «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրում դրույթ կա, որ մասնագիտական կրթության ժամկետը պետք է մեկ տարի սահմանել: Դրանում տրամաբանություն կա: Պետք է ծանրանալ առավելապես մասնագիտական կրթության վրա: Մեզանում գործնական կրթությունը թույլ է, տեսականն է գերակշռող: Գործնականի առումով լաբորատորիաներ չկան, համապատասխան ձեռնարկություններ չկան և մեկամսյա պրակտիկաներն էլ շատ կարճ են: Եվրոպայի մի շարք երկրներում գործնական պարապմունքների տևողությունը ամբողջ ուսուցման ծրագրի մինչև 60%-ն է կազմում: Վերջին 1.5-2 տարիներին ՀՀ կառավարության կողմից քայլեր են կատարվում, որ Հայաստանում զարգանա գերմանական համակարգը, որը կրթության վերոնշյալ մոդելն է, կեսը`տեսական, կեսը` գործատուի մոտ: Մենք ավելի շատ կենտրոնանում ենք գրագիտության վրա, քան մասնագիտական գիտելիքի ձեռք բերման: Այս առումով լուրջ վերափոխումներ են պետք նաև քոլեջներում: Սրանք պետք է մոդեռնիզացվեն, որպեսզի որոշ ոլորտների շատ արագ աշխատուժ ապահովվի: ՏՏ ոլորտի ներքին արդյունքի ծավալը հասել է հանքարդյունաբերության ծավալին` արտադրանքը կազմում է 500 մլն դոլար: Ոլորտը տարեկան 20% աճ է ապահովում: 3-4 տարուց այս ոլորտի պրոդուկտը կհասնի 1 միլիարդի շեմին: Իրեն հսկայական քանակի կադրեր են պետք, որ չկան: Իսկ մեր շրջանավարտների մոտ 6%-ն ընտրում է ինժիներական կրթությունը այն դեպքում, երբ մենք ինժիներական մտածելակերպ ունեցող ազգ ենք: Հետևաբար, պետք է մտածել այդ կրթության խորացման մասին: ՀՀԿ-ի ծրագրում այդ մասերը շատ ընդհանրական են:
Պետք է ստեղծել այնպիսի բարենպաստ գործարար միջավայր, որ տնտեսությունը թռիչքաձև զարգանա, ձեռնարկությունների «յոլա» գնալու վիճակը արմատապես փոխվի և լուրջ եկամուտներ ապահովելով կարողանան կրկնակի ավելացնել աշխատավարձերը:
Մեկ անգամ ևս անհրաժեշտ է հստակեցնել, թե կուսակցությունները գործարար միջավայրի բարելավման ինչ կարևոր գաղափարներ են դրել իրենց ծրագրերում. կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերի, անհավասար մրցակցության վերաբերյալ: Եթե այդ կետերը թույլ են կամ չկան, ուրեմն աշխատավարձերի բարձրացում չի լինի: Չզարգացող տնտեսության մեջ աշխատավարձի բարձրացում չի կարող լինել:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. ընտրությունները սկսվեցին կոռուպցիայով և դրանով էլ ավարտվեցին: Հետևաբար, միամտություն կլինի մտածել, որ գլոբալ պայքար է լինելու կոռուպցիայի դեմ: Կառավարության ձգտելու դեպքում էլ այդքան հեշտ չի ստացվի: Հետևաբար, կառավարությունը իր կյանքը հեշտացնելու համար կգնա որոշակի շահեկան վիճակում գտնվողներին չկպնելու ճանապարհով, որպեսզի սուր բախումներից խուսափի: Կգնա գործարար միջավայրի համար օրենքների լավացման, ներդրումներ բերելու, աշխատատեղեր ստեղծելու, գործազրկության նվազեցման ուղղությամբ: Որպեսզի աշխատանքը երևա: Չի մտնի խրթին պայքարի ոլորտներ:
Տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական հանգույցին գրեթե չի կպնի կամ կփորձի դա անել անուղղակի ձևով: Հարկային մարմիններում փորձ են անում նվազեցնել կոռուպցիան, բայց դա չի նշանակում, որ օլիգարխները կամ ստվերը վերացան, կամ այդ մարդիկ այլ լծակներ չունեն իրենց բիզնեսն ու դիրքերը պահելու համար: Հետևաբար, կառավարությունը կգնա ժամանակավոր հաջողությունների ճանապարհով: Բայց թռիչքային առաջընթաց չի լինի: Թռիչքայինի դեպքում խիստ պայմաններ են դրվում հատկապես կոռուպցիայի և օլիգարխների դեմ: Կոռուպցիային կարող է կպնեն քաղաքացու և բիզնեսի համար տեսանելի դաշտերում: Ստվերի դեմ պայքարը լինելու է զգուշավոր և ավելի տևական: Կառավարությունը կշարունակի իր սկսած ծրագրերը: Այդ առումով վարչապետը վստահելի է և մարդիկ իր հետ հույսեր են կապում: Բայց իր թիմից կան նախարարներ, որոնք պետք է հեռանան: Տնտեսությանը ուղղակիորեն շփվող նախարարությունների շրջանակում 2-3-ը կփոխվեն, ևս 4-ը կփոխվեն մյուսների մեջ: Եկող կառավարության մեջ առնվազն 7 նախարար պետք է հեռանա: Բայց խնդիրն ավելի շատ միջին օղակի, վարչությունների և բաժինների պետերի աշխատանքի մեջ է: Նրանց վատ աշխատանքը տանելու է նոր խնդիրների:












































