«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը:

– Պարոն Աղաբեկյան, ՀՀ առողջապահության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները որքանո՞վ են իրական, որքանո՞վ՝ իմիտացիոն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է՝ ճիշտ ուղու վրա ենք, բայց պետք է տեմպերն արագացնել: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի, և վերահսկեք»,- հավելել է նա: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում:
– Վարչապետի հետ համաձայն եմ, որ պետք է կոնկրետացնել, արագացնել և «դրայվ» անել, բայց հարց կտամ՝ ի՞նչը: Այսօր ծրագիր չկա, հասկանալի չէ, թե առողջապահության նախարարությունը ո՞ւր է գնում, ի՞նչ պետք է անի, որ ինչ ստանա: Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ պետպատվերի վճարումը միանգամից հիվանդներին կտրամադրվի, բայց ես կարծում եմ, որ դա շատ արագ է կատարվել, շտապում են, որովհետև նախ՝ պետք է հաշվարկվի, թե յուրաքանչյուր հիվանդության բուժում ինչ արժե: Պետք է նախ վերահաշվարկ կատարել: Նախկին նախարար Արմեն Մուրադյանի ժամանակ հայտարարվեց, որ սրտանոթային հիվանդություններով հիվանդների ստենտավորումները պետք է պետպատվերի շրջանակներում իրականացվեն: Կատարվեց գնի վերահաշվարկ, և պարզվեց, որ կարելի է կատարել ստենտավորումը մոտ 30 տոկոս էժան: Պետք է պարզել, թե որ բուժումն ինչ արժե, արդյոք ճի՞շտ է հաշվարկված, գուցե պետք է նվազեցնե՞լ:
– Այսինքն՝ հստակ չէ ռազմավարությունն առողջապահության ոլորտում:
– Բացարձակ չկա ո՛չ մի ռազմավարություն, ո՛չ մի բան: Ես համաձայն եմ վարչապետի հետ, բնական է՝ և վարչապետը, և նախագահը ուզում են, որ երկրի բնակչությունը առողջության խնդիր չունենա, բայց այսօր խնդիրը շատ-շատ է՝ մարզերից սկսած, Երևանով վերջացրած: Բոլոր ղեկավարները, չկա այդպիսի բան, որ ուզենան՝ իրենց երկրի քաղաքացին հիվանդ լինի, հիվանդ մարդը ոչ մեկին պետք չի: Վարչապետին ներկայացնում են, որ լավ է լինելու, լավ է լինելու, բայց արդյունք չկա. 6 ամսից ավելի է՝ մենք ունենք նոր նախարար: Ի՞նչ արդյունք ունենք, բացարձակապես ոչ մի բան: Մեղր ասելով՝ բերանդ չի քաղցրանում: Երևի նույն ձևով վարչապետին են ասում՝ մեղր է, մեղր է, ինքն էլ ասում է՝ հա, բայց մի քիչ ավելի արագացրեք. առողջապահության նախարարության մեջ բացարձակապես չկա վերահսկողություն:
– Կարծում եք՝ վարչապետն անձա՞մբ պետք է այդ վերահսկողությունն իրականացնի:
– Ոչ: Նոր կառավարություն է ձևավորվելու, ուզում եմ հուսալ, որ առողջապահության ոլորտին ավելի մոտ մեկին կնշանակեն նախարար, ով մասնագետ կլինի և կհասկանա, թե ինչ վիճակում է առողջապահությունը և համակարգն ամբողջությամբ: Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկա կամ ապահովագրական ընկերություն չէ, դու պետք է որակ պահանջես, պետք է իմանաս՝ որ հիվանդանոցին ինչ ես տալիս ու ինչի համար ես տալիս և մատչելիություն պահանջես: Չկա պետպատվերի գումարների վերահսկողություն, մեծ մասը փոշիացվում է, նպատակային չի բաշխվում:
Գաղտնիք չէ, որ մեզ մոտ հիմա շատ ժամանակ պետպատվեր ստանում են ոչ այն մարդիկ, ովքեր պետք է ստանան, այլ, ինչպես մեզ մոտ ընդունված է, բարեկամ, ընկեր և այլն, ախտորոշումները կեղծվում են պետպատվեր ստանալու համար: Բացի այդ, պետպատվերի փողը ստացավ հիվանդանոցը, հետևո՞ւմ են արդյոք՝ այդ գումարից բժիշկը ստացա՞վ իր գումարը, բուժքույրը ստացա՞վ, թե՞ չստացավ: Դրա համար էլ բժիշկները ասում են՝ աշխատավարձ չունենք, քիչ է:
Այսօր մեր առողջապահությունը պետք է սպիտակ դրամարկղով աշխատի, բոլորին պետք է դա պարտադրել՝ պետական, թե մասնավոր:
Հաջորդ խնդիրը վճարովի ծառայություններն են: Վստահ եմ՝ եթե հիվանդը ինչ-որ բուժում պետք է ստանա, որի մեջ վիրահատություն էլ կա, լաբորատոր ախտորոշման համար ավելի շատ է փող վճարում, ասենք՝ կարող է 100-150 հազար լաբորատոր ախտորոշման համար վճարի, իսկ վիրաբույժին տան 100 հազար: Պետք են հստակ չափորոշիչներ:
– Պարոն Աղաբեկյան, Դուք առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման Ձեր ծրագիրն եք ուղարկել կառավարություն, ներկայացրե՞լ եք նախարարին: Ի՞նչ արձագանք կա:
– Ես նախարարին չեմ ներկայացրել, կառավարությանն եմ ներկայացրել էլեկտրոնային փոստով, չգիտեմ՝ նախարարին հասե՞լ է այդ ծրագիրը, թե՞ ոչ: Ես ներկայացրել եմ ապրիլի 10-ին, 10 օր հետո՝ ապրիլի 20-ին, մի թերթում կարդացի, որ առողջապահության նախարարը հրավիրել է գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Սարուխանյանին, և քննարկել են այն երեք հարցերը, որոնք ես նշել էի իմ ծրագրի մեջ: Չգիտեմ՝ ինքը կարդացե՞լ է, թե՞ պարզապես նախարարն է այդ հարցերին նշանակություն տվել և սկսել:
– Դուք նշեցիք, որ այս 7 ամիսներին ոլորտում որևէ փոփոխություն չի եղել: Կարծում եք՝ նախարարը պետք է փոխվի՞:
– Դա քաղաքական հարց է: Ես չեմ որոշողը՝ փոխվի՞, թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա: Բացի նրանից, որ առողջապահության նախարարը պետք է պարտադիր բժիշկ լինի, նաև պետք է հիվանդի ցավով ապրի, մտածի քաղաքացիների առողջության մասին: Մենք ունեցել ենք առողջապահության փայլուն նախարարներ՝ Էմիլ Գաբրիելյան, Հարություն Քուշկյան, Արա Բաբլոյան, Արմեն Մուրադյան, նրանք մասնագետների հետ գալիս էին հիվանդանոց, այց էին կատարում և հետաքրքրվում հիվանդի բուժման որակով և արդյունավետությամբ: Նախարարը պետք է ունենա ծրագիր, ռազմավարություն:
Ես նշել եմ՝ ինչ պետք է արվի, ինչ վիճակում է այսօր առողջապահության նախարարությունը, ինչ քայլեր պետք է արվեն: Այս ամենը պետք է արվի երկու փուլով. առաջին փուլը ճանաչողական է: Ներկայումս նախարարությունը գտնվում է սարսափելի անմխիթար վիճակում, բացակայում են նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկների, ֆինանսատնտեսական վիճակի, կադրային հագեցածության, դրանց նպատակահարմարության մասին տվյալները: Խոսքս հիմնականում պետական հիմնարկների մասին է, նախարարությունը մարզպետարանների հետ պետք է հաշվարկի, ասենք, այս մարզում ունենք վիրաբուժական բաժին, բնակչության քանակն այսքան է, քանի՞ վիրաբույժ է պետք, որպեսզի սպասարկեն՝ ոչ պակաս, ոչ ավել, բայց մեզ մոտ կարող է մարզկենտրոնում 3-6 վիրաբույժ լինի, բայց, օրինակ, նույն մարզի մի քիչ ավելի հեռու բնակավայրերում, սահմանամերձ գոտիներում ընդհանրապես չլինի:
Նախարարության ներքո գտնվող գլխավոր մասնագետների ինստիտուտ ունենք՝ մոտ 74-75 գլխավոր մասնագետներով, մարզերում նույնպես ունենք գլխավոր մասնագետներ, և ի՞նչ: Այդքան շատ գլխավոր մասնագետ ո՞ւմ է պետք: Փոխարենը թող լինի 40 մասնագետ, բայց կիմանաս, որ դա նախարարի ուժն է, նախարարը պետք է հենվի գլխավոր մասնագետների վրա, և իրար հետ համատեղ ստեղծեն այդ կառույցը, առողջացնեն:
Պետք է վերանայել նաև դեղորայքի շուկան: Մեզ մոտ դեղերի գները սնկի պես աճում են, բարձրանում են, մինչդեռ մեր երկրում պետք է հնարավորինս մատչելի լինեն: Ինքս գնել եմ լիցենզավորված դեղ 3000 դրամով, մեկ ամիս հետո լիցենզիայի ժամկետն ավարտվեց, նույն դեղը ոչ լիցենզավորված՝ ուրիշ դեղատնից գնել եմ 9000 դրամով, երկու ամիս հետո նորից լիցենզավորում ստացան, նորից իջավ 3000 դրամի: Այս ամենին ելք կա. լիցենզավորման հարցը պետք է հեշտացնեն, որպեսզի դեղ ներմուծողը չնեղվի: Ինչքան շատ ուզում են՝ թող դեղ բերեն, մեր օգուտն է՝ և՛ գինն էժան կլինի, և՛ ինչ տեսակի դեղ ուզես՝ կլինի այստեղ, որ մարդ չմտածի՝ գնամ Վրաստանից դեղ բերեմ: Մանրածախ դեղերի վրադիրը պետք է լինի 10-20%, իսկ մեծածախը՝ մինչև 10%:
Առաջին հերթին նախարարն իր ծրագիրը պետք է ունենա, թե ինչպես պետք է աշխատի, և ըստ այդ ծրագրի՝ քայլի առաջ, և պետք է լինի ժամանակացույցով և պատասխանատուներով:
– Այսինքն՝ այսքան ժամանակ աշխատանքը բավարար չէր, ի վերջո, այդքան ամիս տրված էր, և ոչինչ չի արվե՞լ:
– Դեռ դրական ոչինչ չեմ տեսել: Շրջեք քաղաքով և հարցրեք բնակիչներին:
– Ի՞նչ պետք է անել:
– Նախարարի առաջին քայլը, ծրագրի առաջին կետը պետք է լիներ կատարել ամբողջ համակարգի ինվենտարիզացիա, գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և կադրային հագեցածությունը, նրանց նպատակահարմարությունը և արդիականությունը: Այսինքն՝ հիմա հարցնենք նախարարին՝ քանի հիմնարկ ունի առողջապահության նախարարությունը, որ հիմնարկը ինչով է զբաղվում, ինչ ծառայություն է մատուցում և ինչ կադրային հագեցածություն ունի, հստակ պատասխան չենք ստանա, բայց պետք է ունենանք հստակ բազա՝ մենք ինչ ունենք, որ հասկանանք՝ որն է շատ, որը՝ քիչ, և իմանանք՝ ոնց ենք կատարում մյուս աշխատանքը: Առաջին օրվանից պետք է ստեղծվեր նաև մասնագետներով վերահսկողության բաժին, որոնք գլխավոր մասնագետների, ֆինբաժնի, հարկային ծառայության հետ համատեղ պետք է կատարեն, ըստ հաստատված ժամանակացույցի, ստուգումներ, վերահսկողություն:
Ուժեղացնել գլխավոր մասնագետների ինստիտուտը, պարտադրել, որ ամեն մի մասնագետ ուսումնասիրի և ներկայացնի իր մասնագիտության առկա խնդիրները և լուծման առաջարկները: Հիմնարկների ղեկավարների և գլխավոր մասնագետների, ֆինանսիստների հետ կատարել հաշվարկներ և ներկայացնել միջինացված գներ բոլոր բուժծառայությունների համար: Անմխիթար վիճակում է նաև բժշկական փորձաքննությունների հարցը:
Առողջապահության նախարարությունն ունի ծրագրերի իրականացման գրասենյակ, համարյա թե բոլոր մարզերում վերանորոգվեցին, կառուցվեցին բուժհիմնարկներ, ինչպես նաև Երևանում ստեղծվեց ռադիոիզոտոպների հիմնարկը, մեծ գումար ծախսվեց, բայց այսօր չի աշխատում, որովհետև մասնագետ չունենք: Որպեսզի ներդրում անես, պետք է իմանաս՝ ինչ ծառայություններ ես մատուցելու, եթե մասնագետ չունես՝ կամ սկզբից, կամ զուգահեռաբար մասնագետին պետք է ուղարկես արտասահման վերապատրաստման: Այսինքն՝ ամեն բան պետք է ճիշտ հաշվարկել:
Դրա համար պետք է զարգացնել և վերականգնել Առողջապահության ազգային ինստիտուտի համբավը, վերապատրաստել, ուսուցանել երիտասարդ բժիշկներին ՀՀ անհրաժեշտ մասնագիտություններով, կնքել պայմանագրեր, որպեսզի նրանք գնան մարզեր և աշխատեն:
Եվ վերջում ավելացնեմ, որ առողջապահության նախարարությունը, իբրև կառավարության մի կառույց, պետք է համատեղ աշխատի բոլոր նախարարությունների և մարզպետարանների հետ: Իսկ համատեղ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ, և դրական արդյունքները մենք բոլորս շատ շուտ կզգանք:










































