Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Էդիկ Ենոքյանի գործի դատավարությունը:
58-ամյա Էդիկ Ենոքյանը Երևան-Սևան մայրուղու 40-րդ կմ հատվածում գտնվող «Մոս» հյուրանոցի տնօրենն է:
2013 թվականի ապրիլի 29-ին Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում, որ 2013 թվականի փետրվարից մինչև ապրիլ մարմնավաճառություն կատարելու նպատակով տարբեր հաճախորդների հետ այցելել է «Մոս» հյուրանոց, որի աշխատողներն ամեն անգամ իրեն տրամադրել են առանձին սենյակներ: Իսկ հյուրանոցի տնօրեն Էդիկն իրեն առաջարկել է բնակվել հյուրանոցում և 5 հազար դրամով զբաղվել մարմնավաճառությամբ:
Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն:
2013 թվականի մայիսի 22-ին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ենոքյանը, հանդիսանալով «Մոս» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն, 2013 թվականի փետրվարից մինչև ապրիլ ամիսը հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու և ավելի անձանց՝ Քրիստինե Հ.-ի, Սուսաննա Խ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Ենոքյանը հյուրանոցի մատուցողուհուն և հավաքարարին հանձնարարել է, որ մարմնավաճառների մուտքը հյուրանոց չարգելեն, անհրաժեշտության դեպքում էլ «500 դրամի դիմաց» պահպանակներ տրամադրեն սիրահոժար՝ ստանալով նաև գույքային օգուտ:
Հանրային հաստատության՝ «Մոս» հյուրանոցի առանձնասենյակները 6 ժամը 5 հազար դրամով պարբերաբար տրամադրվել են մարմնավաճառուհիներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար:
Ընդհանուր իրավասության դատարանում Էդիկ Ենոքյանն ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի առողջական վիճակը, դրական բնութագրվելը, ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության համար մղված ինքնապաշտպանական և ազատագրական գործողություններին մասնակցած լինելը:
Ընդհանուր իրավասության դատարանը Էդիկ Ենոքյանին դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 2 տարի փորձաշրջան:









































