Եվրոպական հետագիծը վերացած չէ՝ ՀՀ-ն ցանկացած պահի կարող է վերադառնալ ասոցացմանը՝ հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող «Հանրային երկխոսություն» հարթակի շրջանակում կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ընթացքում, «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանելով, ասաց ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների Էլիոթի անվան դպրոցի պրոֆեսոր, նախկինում Ջորջթաուն համալսարանի փորձագետ, պրոֆեսոր Քորի Ուելթը:
Նա ասաց, որ ՄՄ-ին միանալու ՀՀ որոշման անկախության հարցը պետք է փնտրել վերևներում: Նրա համոզմամբ` Հայաստանն աշխարհաքաղաքական մրցակցության առարկա չէ ԵՄ-ի համար, և ԵՄ-ին անհրաժեշտ էլ չէ, որպեսզի Հայաստանը ստորագրի ԱԱ/ԽՀԱԱԳ: Բայց փորձագետն, ըստ էության, ոչինչ չի բացառում, նաև՝ նախաստորագրման արարողությանը ՀՀ մասնակցությունը, սակայն նրա համոզմամբ՝ համաձայնագրի էական տարրը ԽՀԱԱԳ պայմանագիրն է:
«Բայց ես համոզված եմ, որ գոյություն ունեն նաև փոքր ասոցացման համաձայնություններ, որոնք կարող են իսկապես կնքվել: Եթե ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ այլ համաձայնագիր կնքել, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ առաջարկն արդեն արված չէ: Ես ինքս քիչ հավանական եմ համարում, որ ԵՄ-ն հանդես գա նման համաձայնագիր ստորագրելու առաջարկով»,- նշեց Քորի Ուլեթը և հավելեց՝ եթե Հայաստանն ունի այլընտրանքը շարունակելու ցանկություն, ապա ԵՄ-ն պատրաստ է դա լսել: Քանի որ, նրա դիտարկումներով, ընդհանուր հետագիծը վերացված չէ՝ Հայաստանը կարող է փոխել իր մտադրությունը և ցանկացած պահի վերադառնալ ԱԱ/ԽՀԱԱԳ պայմանագրերին:
«Ավելի կարևոր է այն, որ եվրոպական հեռանկարները չպետք է մեծապես կապվեն ԵՄ-ի հետ: Դա նաև քաղաքական և տնտեսական ինստիտուտների որակի հարց է: Հայաստանը չպետք է ստորագրի նրա համար, որ այդ ինստիտուտները փոխակերպվեն, այլ նրա համար, որ լինեն ավելի «եվրոպական»: Դա Հայաստանը կարող է անել ցանկացած պահի»,- ասաց նա:










































