Սյունիքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամոթանք տվեց «այն հայ տղամարդուն, ով չի դիմի ինքնապաշտպանության»: Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը պատգամավոր է դարձել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:
– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում, որ Սուրեն Խաչատրյանի որդին, ով սպանության ակնհայտ մասնակից է եղել, ազատ արձակվեց:
– Ակնհայտ մասնակից չի եղել: Եղել է ակնհայտ ինքնապաշտպանությունից դրդված արարք: Դա ակնհայտ սպանություն չի, ինքնապաշտպանությունը և սպանությունը լրիվ այլ հարթակների երևույթներ են:
– Ասել է թե` ճի՞շտ եք գտնում ինքնապաշտպանության համար սպանություն կատարելը:
– Ո՛չ, ուղղակի ցավալի դեպք է տեղի ունեցել, ինքնապաշտպանության հանգամանքն այդպես է տեղի ունեցել: Ես բազմիցս նշել եմ, որ Ավետիքը հարգարժան մարդ է մեր քաղաքում, և այդպիսի բան ուղղակի չպիտի լիներ:
– Փաստորեն, Դուք արդարացնո՞ւմ եք Սուրեն Խաչատրյանի որդուն` ասելով, թե ինքնապաշտպանություն էր, մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ նա նախահարձակ է եղել:
– Ես ուղղակի սովոր եմ հավատալ փաստերին, իսկ փաստերն այսօր ասում են, որ Տիգրան Խաչատրյանն իր արարքն իրագործել է ինքնապաշտպանության ընթացքում:
– Իսկ Դուք կդիմե՞ք նման ինքնապաշտպանության:
– Ես ընդհանրապես կդատապարտեմ ցանկացած հայ տղամարդու կամ տղայի, որը տեսնի` իր օջախի կամ իր մոր վրա զենքով հարձակվում են կամ զենք են բարձրացնում, և ինքը ընդհանրապես ձեռքերը ծալի և տեղը նստի: Միգուցե ես այլ կերպ դիմեմ ինքնապաշտպանության, բայց համենայնդեպս, անպայման կդիմեմ ինքնապաշտպանության և իհարկե` չմտածելով արդյունքների մասին:
– Այսինքն` Դուք է՞լ եք պատրաստ նման արարքի:
– Ամոթ այն հայ տղամարդուն, որի օջախի վրա գալիս են զենքով, որի օջախի մոր վրա զենք են բարձրացնում, իսկ ինքը պետք է տեղը կանգնի և զուտ կողքից դիտի: Ամոթ այդ տղամարդուն: Ես էլ եմ պատրաստ ինքնապաշտպանության դիմել:
– Իսկ ամոթ չի՞ քողարկել հանցագործությունը, երբ տեսագրություն կա, և մյուս կողմն ասում է, որ դա ինքնապաշտպանություն չի եղել:
– Ամոթ չի՞ փաստերը խեղաթյուրել, որոնք հանրությանը ներկայացված են։ Կա տեսագրություն, հագնել գունավոր ակնոցներ և այդ պահին ինչ հիվանդ երևակայությունդ թելադրում է՝ հանրությանը տալ, տալ ու անընդհատ տալ և ասել, որ այսպես է եղել… Մենք ոչ մի իրականություն չենք ընդունում, մենք օբյեկտիվ չենք, վերջ՝ էսպես է եղել։ Եթե էս մարդը պաշտոնյա է, պետք է մինչև վերջ իրան քլնգենք: Բիզը վերցնենք, մինչև վերջ խորը ծակենք: Ամոթ չի՞ այդ արարքի համար:
– Պարոն Գրիգորյան, լուրեր կան Ձեր լիազորությունները վայր դնելու մասին։ Դուք պատրա՞ստ եք դրան՝ հանուն Սուրեն Խաչատրյանի:
– Բացարձակ սուտ է։ Եթե սուտ է, չեմ կարող ասել` պատրաստ եմ, թե պատրաստ չեմ:










































