«ՀԱԿ-ի հետ «Սասնա ծռեր»- ի համագործակցության հարց չի դրվում, երբ երկու քաղաքական ուժ համագործակցում են, պետք է ընդհանրություններ լինեն, այդ ընդհանրություններն այսօր չկա: Նույնիսկ ապստամբության շուրջ եթե ընդհանրություններ լինեն, նախ պետք է տարբերակել խոսքը զինված ապստամբության մասին է, թե ժողովրդական ընդվզման, եթե խնդիր դրվի, այդ ժամանակ կքննարկվի, թե ընդվզման արդյունքում ինչ ենք ուզում ձեռք բերել: Եթե կոչ է արվելու, որ 90-ականներին ազատագրված արցախյան տարածքները հանձնվեն, դա արդեն ծիծաղից կամ ժպիտից բացի՝ այլ արձագանք չի կարող առաջացնել մեզ մոտ»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նա նաև նշեց, որ իրենց անելիքները չեն պայմանավորվել կամ պայմանավորվում ՕՐՕ-ի կամ քաղաքական այլ ուժի գործունեությամբ, և որ ՕՐՕ-ի հետ համագործակցության մասին հայտարարությունն արդեն իմաստը կորցրել է, քանի որ հետընտրական գործընթացներ չեն եղել:
Անդրադառնալով իրենց հետագա գործողություններին՝ Ա. Ենիգոմշյանը նշեց, որ ներքին, նեղ շարժման և ավելի լայն ժողովրդային շարժման առումով ինքնակազմակերպվելու, ավելի արմատանալու և նմանօրինակ աշխատանքներ կլինեն:
Նրա խոսքով՝ ֆորս-մաժոր կարող է լինել ցանկացած պահի. «Ֆինանսական այնպիսի իրավիճակ կարող է լինել, որը կառաջացնի դեֆոլտ, ֆինանսական փլուզում երկրում: Բայց մենք մեր հաշվարկները միմիայն ֆորս-մաժորների վրա չենք կառուցում, այլ նաև տևական կազմակերպչական աշխատանքների վրա, որոնք անընդհատ տարվում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































