Թեև հայերը, ինչպես բազմիցս ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ են, այսօր պետք է ինտեգրվեն Մաքսային միությանն ու Եվրասիական ընդհանուր տնտեսական միությանը, որում գործող չափանիշների մասին հստակ հանրային կարծիք, կարծես թե, դեռևս չի ձևավորվել: Չի բացառվում, որ նույնիսկ նման չափանիշներ գոյություն էլ չունեն, բայց դրա լավագույն ցուցիչը կարող է լինել ՄՄ անդամ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին տվյալները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բելառուս իրավապաշտպան Ալեգ Գրաբլեուսկին ասաց, որ եթե գնահատելու լինենք Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության դինամիկան, ապա այն միանշանակ բացասական է: Ըստ նրա՝ և՛ ազատ արտահայտվելու, և՛ հավաքների ազատության իրավունքը, և՛ բազմաթիվ այլ ազատությունները մշտապես կրիտիկական վիճակում են: Իսկ ոլորտը կարգավորելու ուղղությամբ իրավապաշտպան կազմակերպությունների լծակները հետևյալն են՝ մոնիտորինգների իրականացում և ԶԼՄ-ներով դրանց հրապարակում, առաջարկների և պահանջների մշակում և հասցեագրում իշխանության համապատասխան մարմիններին ու միջազգային կազմակերպություններին: Բայց հստակ արդյունքներ, որոնց դեպքում կարելի է ասել, թե իրավապաշտպանների շնորհիվ մարդու իրավունքների վիճակը լավացավ, նրա խոսքերով, չկան։ Իրավապաշտպանների ամենագլխավոր ձեռքբերումն,ըստ նրա, այն է, որ և՛ երկրի ներսում, և՛ դրսում ուշադրություն է հրավիրվում մարդու իրավունքների այս վիճակի վրա, ֆիքսվում են խախտումները և փորձագիտական եզրակացություններ են արվում:
«Մեր երկրում մի քանի տասնյակ մարդիկ իրավապաշտպան հանրության կողմից այս կամ այն պատճառով որակվել են որպես քաղաքական բանտարկյալներ, իսկ մահվան դատավճիռները նորմալ երևույթներ են: Սովորական պրակտիկա է նաև քաղաքական ակտիվիստների քրեական հետապնդումը: Ալես Բելյացկու գործով ևս որևէ նորություն չկա»,- նշեց նա: Հարցին, թե որքանով է իշխանությունն իրականացնում իր միջազգային պարտավորությունները, Ալեգ Գրաբլեուսկին պատասխանեց, որ Բելառուսն ունակ չէ իրականացնել իր պարտավորություններն իրավունքի այս կամ այն ոլորտում, նույնիսկ ունակ չէ ընդունել, որ մարդու իրավունքները խախտվում են:









































