Ամերիկյան քաղաքականության պատրիարք Հենրի Քիսինջերը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է նախագահ Բարաք Օբամայի առաջարկը, ըստ որի՝ նախատեսվում է սահմանափակ ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայի հակամարտությանը:
«Նախկինում դեմ էի ամերիկյան ռազմական միջամտությանը և այդ մասին խոսել եմ հրապարակայնորեն: Սակայն այստեղ խոսքը զանգվածային ոչնչացման զենքի մասին է, ինչը հետևանքներ է ունենում Սիրիայի սահմաններից դուրս: Այդ պատճառով և հանուն սահմանափակ նպատակի ես կողմ եմ նախագահ Օբամայի պահանջին՝ պատժել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման համար»,- ասել է 90-ամյա նախկին պետքարտուղարը:
Միևնույն ժամանակ Քիսինջերը քննադատել է Օբամային, որ վերջինս ռազմական գործողությունը արտոնելու համար դիմել է Կոնգրեսին:
«Կարծում եմ՝ խելամիտ չէր այդ հարցը բերել Կոնգրես: Դա տպավորություն է ստեղծում, որ նախագահը գործելու լիազորություններ չունի, քանի դեռ Կոնգրեսը նրա կողքին չէ»,- նշել է քաղաքական գործիչը:











































